Վերաքննիչ դատարանում այսօր՝ հունիսի 6-ին, շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների գործով բողոքի քննությունը: Դատարանում հավաքված մեծ թվով աջակիցներն այս պահին բողոքի ակցիա են անում դատարանի շենքում: Փաստաբանները միջնորդել են փոխել Սեֆիլյանի եւ մյուսների խափանման միջոցը:

Նշենք, որ Վերաքննիչ դատարանում նախորդ նիստը՝ մայիսի 30-ին, չկայացավ, քանի որ ամբաստանյալներին չէին բերել դատարան:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի հրապարակած դատավճռով Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, դրան գումարվել է առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկումը: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը երաշխավորություն են ստորագրել Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին։