Հայաստանի ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում են «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում աղմուկ հանած փոփոխությունները: Նշենք, որ օրինագծին կտրուկ դեմ է արտահայտվել «Ծառուկյան» խմբակցությունը:

Մասնավորապես, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սպառնացել է, որ եթե այս նախագիծը ընդունվի, ապա ինքը կոչ կանի Գագիկ Ծառուկյանին դադարեցնել բարեգործությունը, իսկ դրա շահառուներին կուղղորդի կառավարություն։ Այս հայտարարությանն ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր. «Որեւէ սպառնալիքից չենք վախենում։ Ես նորից եմ կրկնում՝ բարեգործությունը պետք է մնա բարեգործություն եւ չպետք է աղերսվի քաղաքական դիվիդենտներ շահելու հետ»։

Փոխարենը ՀՅԴ-ն դեմ չէ օրինագծին:

Նախագծով սահմանվում է, որ բարեգործական որակման ենթակա չեն շահառություն ենթադրող, կուսակցություններին եւ առեւտրային կազմակերպություններին (բացառությամբ առողջապահության բնագավառի կազմակերպությունների) դրամական եւ այլ միջոցների հատկացում ներառող ծրագրերը։ Բարեգործական կարող են ճանաչվել միայն այն ծրագրերը, որոնք իրականացվում են օտարերկրյա պետությունների, դրանց դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա եւ տեղական հասարակական, կրոնական կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից եւ նրանց ֆինանսական կամ այլ միջոցների հաշվին։

Բացի սրանից, հանձնաժողովի օրակարգում է նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը նախատեսում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: Բացի այդ, եթե նախկինում նախատեսված էր, որ աշխատող քաղաքացին կուտակային հիմնադրամին փոխանցում է իր աշխատավարձի 5 տոկոսը, իսկ պետությունը փոխանցում է եւս 5 տոկոս, ապա նոր նախագծով նախատեսվում է, որ քաղաքացին կփոխանցի 2,5 տոկոս, իսկ պետությունը՝ 7,5 տոկոս:

Հիշեցնենք, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանը հրաժարվեց հենց այն պատճառով, որ ի սկզբանե դեմ է եղել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին: