ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայրենի գյուղում՝ Արշալույսում, արդեն 4-րդ օրն է՝ շարունակվում է գյուղացիների բողոքի ակցիան՝ ՀՀԿ-ական համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականի պահանջով:

Այս պահին Արշալույս համայնքում բնակիչները շարունակում են փակ պահել միջհամայնքային, ինչպես նաեւ գյուղ մտնող բոլոր ճանապարհները:

Գյուղացիները հայտարարել են, որ անհնազանդության գործողությունները չեն դադարեցնի, միչեւ Զարզանդ Գրիգորյանը հրաժարական չտա: Նրանք պնդում են, որ Գրիգորյանը տարիներ շարունակ ահաբեկել է գյուղացիներին, խլել նրանց ունեցվածքը. «Մանվել, Հրանտ եւ Զարզանդ Գրիգորյանները երեքով ավելի շատ սեփականություն ունեն գյուղում, քան բոլոր բնակիչներս միասին, գյուղում ինչքան խանութ կա, իրենցն է: Մենք ժողովրդավար ձեւով հորդորում ենք, որ հեռանա, բայց արածների համար էլ հաշվետվություն տա, թալանածը հետ տա»,-հայտարարել են գյուղացիները:

Նշենք, որ Զարզանդ Գրիգորյանը Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Ավելի վաղ մեզ հետ զրույցում համայնքի ղեկավարը նշել է, որ պատրաստվում է հունիսի 26-ին հանդիպել ցուցարարնեի հետ եւ քննարկել խնդիրը: Զարզանդ Գրիգորյանը համայնքը ղեկավարում է 2008 թվականից: