Yelaket.am-ը գրում է․

Երևան քաղաքի բնակիչ Վոլոդյա Դավթյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանին, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և մի շարք ԶԼՄ-ների: Քաղաքացին նամակում բացահայտում է կասկածելի մեղանիզմ, որի միջոցով փորձ է արվում զավթել իր սեփականությունը: Ներկայացնենք նամակն ամբողջությամբ.

«Ես և իմ ընտանիքը տարիներ շարունակ վարձակալության իրավունքով տիրապետել ենք ՔԱՄ-ի (Քանաքեռ Աբովյանական Միություն) այգիներում գտնվող հողատարածքին: Տվյալ տարածքը 1991 թվականից անժամկետ վարձակալության է հանձնվել հորս՝ Արսեն Դավթյանին: Նշված թվականից սկսած պայմանագիրը պարբերաբար թարմացվել է օրենքով սահմանված կարգով. վարձակալի կողմից վարչական շրջանի աշխատակազմ է ներկայացվել դիմում, վարձակալության պայմանագիրը և կատարված վճարման անդորրագրերը, որից հետո ստացվել է վարձակալության նոր վկայական: Վերջին անգամ պայմանագիրը թարմացվել և վերանվանվել է իմ անվամբ 2009 թվականին համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանի կողմից: Վերջինս կրկին հաստատել է հողատարածքն ինձ վարձակալության հանձնելու մասին որոշումը: Ես պարտաճանաչ կերպով վերջին 30 տարիների ընթացքում կատարել եմ իմ պարտավորությունները պետության, Երևան քաղաքի և վարչական շրջանի առջև, ինչի մասին կցում եմ նաև համապատասխան փաստաթղթեր: Ես և իմ ընտանիքի անդամները տարիներ շարունակ տվյալ տարածքում իրականացրել ենք մաքրման, կանաչապատման, խմանքի բազում աշխատանքներ՝ կարգի բերելով տարածքը, հետևելով դրա արտաքին և ներքին գեղեցկությանն ու հարմարավետությանը, ինչպես նաև կատարել ենք գյուղատնտեսական աշխատանքներ՝ ստանալով բերք: Այս տարիների ընթացքում ես և իմ ընտանիքի անդամները տվյալ տարածքի վրա ներդրել ենք ոչ միայն նյութական ռեսուրսներ, այլև մարդկային ջանք ու եռանդ և սրտացավությամբ ենք վերաբերել դրա խնամքին: Այս մասին իրենց գրություններով հաստատում են նաև տվյալ տարածքի հարևանությամբ բնակվող քաղաքացիները (կցում եմ գրություններ): Գրությունը կնքված է թաղային լիազորի կողմից: 1991 թվականից իմ և իմ ընտանիքի անդամների կողմից նշված տարածքին տիրապետելու մասին վկայում է նաև 2018 թվականի մայիս ամսին թաղային լիազորի կողմից ինձ տրված տեղեկանքը (փաստաթուղթը կցվում է): Ներկայացնում եմ նաև 1990-ականներին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գագիկ Ավետիսյանի հայտարարությունը, որը նույնպես հաստատում է վերոնշյալ փաստերը:

Նշեմ նաև, որ մի շարք անձնական խնդիրների պատճառով վերջին տարվա ընթացքում բավականաչափ խնամք չեմ հատկացրել նշված տարածքին, սակայն այժմ արդեն իսկ լայնածավալ բարեկարգման աշխատանքներ եմ սկսել և շարունակում եմ իրականացնել:
Սակայն այժմ, որոշ կասկածելի հանգամանքների հետևանքով, տվյալ տարածքի շուրջ «անօրինական» գործողություններ են տեղի ունենում:

Այն օրերին, երբ Հայաստանի Հանրապետությունում տեղի էր ունենում թավշյա հեղափոխություն հայտնվեց մի քաղաքացի, ով հավաստիացնում էր, որ նշյալ տարածքը վարձակալության իրավունքով պատկանում է իրեն: Տվյալ քաղաքացին ապակողմնորոշող տեղեկատվություններ հաղորդելու միջոցով նշված տարածք էր հրավիրել նաև ոստիկանների, բնապահպանական տեսուչների՝ փորձելով կոնֆլիկտային և լարված իրավիճակ ստեղծել: Նշված քաղաքացին սուտ տեղեկություններ էր հայտնել ոստիկանությանն այս մասին, թե իբրև իմ կողմից ապօրինաբար հատվել են ծառեր, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Հետագայում, ես ինքս պարզեցի մի շարք կասկածելի հանգամանքներ, որոնք լույս են սփռում իրադարձությունների վրա: Մասնավորապես, 2005 թվականին տեղի ունեցող վարչական շրջանի ղեկավարի ընտրությունների ընթացքում, երբ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վերջինիս տեղակալ՝ Մադլեն Հովհաննիսյանը, կնքվել է վարձակալության պայմանագիր, որն իբրև թե վերաբերում է արդեն իսկ ինձ վարձակալության հանձնած հողատարածքին: Հիշեցնեմ, որ տվյալ հողատարածքն անժամկետ վարձակալության է տրվել ինձ և իմ ընտանիքին՝ 1991 թվականից մինչ օրս: Սակայն, ժամանակավոր պաշտոնակատար Մադլեն Հովհաննիսյանի և քաղաքացի Իզոլդա Ավետիսյանի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, որտեղ հստակ նշված չէ ո՛չ վարձկալության օբյեկտ հանդիսացող հողատարածքի հասցեն, ո՛չ կցված է հատակագիծ, ո՛չ էլ այլ անհրաժեշտ տեղեկություններ: Հայտնեմ, որ վերոնշյալ գործողություններին բուռն մասնակցություն է ունեցել ոչ թե վարձակալը՝ Իզոլդա Ավետիսյանը, այլ նրա ամուսինը՝ ոմն Գևորգը, ով տարիներ շարունակ աշխատել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ բաժնում: Ստացվում է, որ 2005 թվականին տվյալ վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ բաժնի աշխատակցի կինն արդեն իսկ վարձակալության տակ գտնվող հողատարածքը կրկին անգամ վարձակալության է ստացել:

Քաղաքացի Իզոլդա Ավետիսյանն ու իր ամուսինը, ում իբրև թե վարձակալության է տրվել արդեն իսկ իմ վարձակալության տակ գտնվող հողատարածքը, պնդում են, որ հողատարածքն իրենցն է և իրենց գործունեությամբ անդադար խնդիրներ և անախորժություններ են առաջացնում իմ և իմ ընտանիքի անդամների համար:
Նշեմ նաև, որ վարչական շրջանի վերոնշյալ ժամանակավոր պաշտոնակատար Մադլեն Հովհաննիսյանը փոխարինել է վարչական շրջանի ղեկավարին ընդամենը 3 օր և այդ ընթացքում էլ կնքվել է վերոնշյալ կասկածելի պայմանագիրը:

Ցանկանում եմ հայտնել նաև, որ երկրորդ անձն ու իր ամուսինը, ում իբրև թե վարձակալության է հանձնվել իմ տիրապետման տակ գտնվող հողատարածքը, մշտապես լարված և սթրեսային իրավիճակում են պահում ինձ և իմ ընտանիքի անդամներին: Վերջինս ինձ հետ զրույցում պարբերաբար առաջ է քաշում ինչ-ինչ մարդկանց՝ ընդգծելով դրանց «իշխանական» լծակները և հնչեցնելով սպառնալիքներ:

Ինչպես հայտնել եմ, վարձակալության նոր վկայական ստանալու նպատակով պարբերաբար դիմում և համապատասխան փաստաթղթեր եմ ներկայացրել վարչական շրջանի համապատասխան բաժին, որոնք պետք է պահվեին արխիվներում: Վերջերս՝ ցանկանալով ստանալ մինչև 2010 թվականն իմ կողմից ներկայացված թղթերը բանավոր դիմել եմ վարչական շրջանի աշխատակազմի արխիվ, որտեղից պատասխանել են, թե փաստաթղթերը յուրաքանչյուր 5 տարին մեկ ոչնչացվում են և իմ պահանջած փաստաթղթերը «չկան»: Այս հարցադրումով պատրաստվում եմ նաև գրավոր դիմում ներկայացնել:

Այսպիսով, ցանկանում եմ առանձնացնել խնդրի առնչությամբ մի քանի էական առանցքային կետեր, այն առավել պարզ ներկայացնելու համար.

• Ես և իմ ընտանիքը 1991 թվականից վարձակալությամբ տիրապետում ենք ՔԱՄ-ի (Քանաքեռ Աբովյանական Միություն) այգիներում գտնվող հողատարածքին:

• Տարիներ շարունակ խնամել և ներդրումներ եմ իրականացրել տվյալ տարածքում:

• Այդ հողատարածքին տարիներ շարունակ վարձակալությամբ իմ տիրապետելու մասին վկայում են նաև տարածքի հարևանությամբ բնակվող քաղաքացիները, թաղային լիազորը, նշյալ ժամանակահատվածում վարչական շրջանի ղեկավարի տեղակալ հանդիսացած Գագիկ Ավետիսյանը:

• 2005 թվականին, երբ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները ժամակավորապես ստանձնել է Մադլեն Հովհաննիսյանը, քաղաքացի Իզոլդա Ավետիսյանի հետ կնքվել է պայմանագիր, որում առկա չեն կոնկրետ և հստակ տվյալներ:

• Վերոնշյալ պայմանագրով, սույն անձնավորությունն անդադար արհեստական խոչնդոտներ է ստեղծում իմ և իմ ընտանիքի անդամների համար, տվյալ հողատարածքում աշխատանքներ իրականացնելու ընթացքում:

Ուստի, սույն դիմումով խնդրում եմ ուսումնասիրել իմ ներկայացրած փաստերը, ճշտել դրանց իսկությունը, միջամտել խնդրին արդար և անկողմնակալ լուծում տալու նպատակով: Նշեմ նաև, որ սույն փաստերը ներկայացրել եմ ՀՀ վարչապետին, ՀՀ ոստիկանապետին, Ազգային անվտանգության ծառայության պետին, Պետական վերահսկողական ծառայության պետին, Գլխավոր դատախազին և մի շարք ԶԼՄ-ների:

 


Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝
• Վարձակալության պայմանագրի, հատակագծի պատճենները,
• 2010 թվականից կատարված վճարումների անդորրագրերի պատճենները,
• Հարևանների վկայությունների պատճենները թաղային լիազորի կնիքով,
• Թաղային լիազորի կողմից տրամադրված տեղեկանքի պատճենը,
• Գագիկ Ավետիսյանի հայտարարության պատճենը»:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am