Երեւանի Իսակովի պողոտայում այսօր՝ օգոստոսի 8-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել: NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ «Մերսեդես» մակնիշի 91 XX 919 համարանիշի ավտոմեքենան մխրճվել է պողոտայում գործող CPS բենզալցակայանի մեջ: Կայծ է առաջացել, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել, կրակը տարածվել է բենզալցակայանի ամբողջ տարածքում:

Դեպքի վայր ժամանած ՀՀ ԱԻ նախարարության հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են կատարել:


Կրակը հաջողվել է մարել, սակայն, ԱԻ արձագանքման խմբի պետ, փոխգնդապետ Ենոքյանի տեղեկացմամբ՝ բենզալցակայանի պահուստային տարաներից վառելիքի արտահոսքը շարունակվում է, քանի որ դրանց փականները չեն աշխատում:

Հրշեջ-փրկարարները ժամանակավոր միջոցներով փակել են տարաները, հիմա սպասում են բենզինատար մեքենաներին, որպեսզի հնարավոր լինի վառելիքը դուրս բերել պահուստային տարաներից:

Ականատեսները մեր թղթակցին ասել են, որ «Մերսեդես»-ի վարորդին հոսպիտալացրել են:

Արտակարգ պատահարն Իսակովի պողոտայում՝ դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող եւ հետադարձ ճանապարհին երթեւեկության խցանման պատճառ է դարձել: Հիմա արդեն պողոտայում երթեւեկությունը վերականգնվել է: