Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մտահոգություն է հայտնել օգոստոսի 17-ի հանրահավաքի ելույթում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների կապակցությամբ, որոնք առնչվում են խորհրդարանին Սահմանադրության փոփոխության նախագիծ ներկայացնելուն եւ այդպիսով ինքնալուծարման մեխանիզմ սահմանելուն: Բաբլոյանը հայտարարել է, որ նախաձեռնում է հանդիպումների շարք՝ վարչապետի, նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի, մարդու իրավունքների Պաշտպանի եւ միջագային դիվանագիտական առաքելությունների հետ, ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

«Միաժամանակ, գործադիր իշխանության ղեկավարի կողմից` Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների հնարավոր իրականացումը, այն էլ ցանկալի արդյունքը որեւէ եղանակով ապահովելու սպառնալիքով, ակնհայտ ճնշում եւ պարտադրանք է օրենսդիր իշխանության նկատմամբ:

Ինձ համար սա առավել անհասկանալի է, քանի որ սպառված չէին այդպիսի քննարկումների եւ որոշման կայացման հնարավորությունները հենց խորհրդարանում», ասում է Արա Բաբլոյանը:

Ազգային Ժողովի նախագահի հայտարարությունը պարունակում է որոշակի խուճապ: Ըստ ամենայնի, Արա Բաբլոյանի աչքի առաջ է եկել մայիսի 1-2-ի իրավիճակը, երբ հանրությունը սկսեց գնահատել ՀՀԿ պահվածքը խորհրդարանում վարչապետի թեկնածության քվեարկությանը:

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էլ պայմանավորված էր դրանով: Փաշինյանի աչքի առաջ էլ այդ օրերն էին, երբ ՀՀԿ-ն մեկ գիշերում փոխեց որոշումը, տապալելով առաջին քվեարկությունը: Իսկ որոշումը փոխվել էր այն բանից հետո, երբ չլսելով Սերժ Սարգսյանի «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» ուղերձը, Հանրապետականը առաջնորդվեց իրավիճակին միջամտած Ռոբերտ Քոչարյանի մոտեցումով:

Այստեղ կուսակցության շարժառիթը հասկանալի է: Տարիներ շարունակ Քոչարյանը ՀՀԿ-ին փորձում էր համոզել, որ Սերժ Սարգսյանը հուսալի չէ համակարգի համար: Բայց Քոչարյանին չէին լսում: Ավելին, երբեմն հեգնում էին, քննադատում, թե ինչպես է համարձակվում կասկածի տակ դնել Սերժ Սարգսյանի անփոխարինելիությունը: Ապրիլի 23-ին սակայն ՀՀԿ-ն հայտնվեց լրիվ այլ վիճակում: 25-ի երեկոյան Սերժ Սարգսյանը հորդորեց լինել միասնական, ինչ որոշում էլ կայացնում են՝ լինել միասնական: Դրանով Սարգսյանն ըստ երեւույթին դարձյալ հիշեցնում էր իր ուղերձը, ակնարկելով, որ մնան իր հետ միասնական: Թե ինչու էր Սարգսյանի համար դա կարեւոր, այլ հարց է: Նա տասը տարի գործնականում ստիպված էր անընդհատ չեզոքացնել ականները, որ նրա տակ դնում էր Ռոբերտ Քոչարյանը:

Իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ զուտ իշխանության տենչի կամ քմահաճույքի համար չէ, որ անում էր դա: Նա եւ Սարգսյանը ունեին չլուծած լրջագույն հարցեր, որոնք հրատապ էին դարձնում որեւէ մեկի «զոհաբերության» ռիսկը:

Այդ հարցերը ոչ միայն դուրս չեն եկել օրակարգից, այլ էլ ավելի են խորացել իշխանության կորստի հետ մեկտեղ:

ՀՀԿ համար Սերժ Սարգսյանի ապրիլի 25-ի հիշեցումը սակայն այլեւս արժեք չուներ, քանի որ Սերժ Սարգսյանն իշխանություն չուներ եւ ՀՀԿ-ն ոչ թե լսում էր Սարգսյանին՝ թե Նիկոլը ճիշտ էր, այլ հիշում էր եւ մտածում, որ Քոչարյանն էր ճիշտ՝ Սերժ Սարգսյանը հուսալի չէ:

Մյուս կողմից, սակայն, Ռոբերտ Քոչարյանն այդ օրերին վարվեց իր հետնախագահական տասնամյակին բնորոշ կերպով: Նա հիշեցրեց իր մասին, սակայն հրապարակավ չստանձնեց որեւէ քաղաքական պատասխանատվություն: Դա իհարկե պրագմատիկ հաշվարկ էր՝ ինչ կլիներ, եթե հանկարծ չստացվեր արգելակել Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը: Դա Ռոբերտ Քոչարյանի համար կունենար ավելի ծանր հետեւանք: Այդ իսկ պատճառով երկրորդ նախագահը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ին հիշեցրեց իր մասին, սակայն հետեւանքի համար պատասխանատվությունը թողեց ՀՀԿ վրա:

Մայիսի 2-ին ՀՀԿ-ն ստիպված էր քաղել դառը պտուղը:

Երկրորդ անգամ Քոչարյանը վերադարձավ հուլիսի 26-ին, դարձավ մեղադրյալ, կալանավորվեց: ՀՀԿ-ն արագորեն անցավ Քոչարյանի պաշտպանության, սկսելով նաեւ ներքաղաքական հարցերի վերաբերյալ արտահայտվել անթաքույց ոգեւորությամբ:

Բայց Ռոբերտ Քոչարյանը դարձյալ բաց է թողել պատասխանատվության եւ դրա հետեւանքի հարցը, հայտարարելով, որ դեռ չի մտածել քաղաքականություն վերադարձի ֆորմատի մասին: Մինչդեռ վերադարձը ոչինչ է, եթե չկա ֆորմատ, որովհետեւ դա է ձեւավորելու արդեն շրջապատի, այսպես ասած հավատացողների առաջ պատասխանատվությունը: Քանի դեռ դա չկա, Քոչարյանը խոշոր հաշվով չի վերադարձել քաղաքականություն, այլ դարձյալ փորձում է ձգել ժամանակն ու հնարավորինս շատ շագանակ հանել ուրիշի ձեռքով:

Պատասխանատվության հետեւանքը կրելու առաջնագծում դարձյալ հայտնվել է ՀՀԿ-ն: Արա Բաբլոյանն իր հարուստ կենսափորձով անմիջապես հասկացել է դա, Նիկոլ Փաշինյանին դե ֆակտո առաջարկելով պայմանավորվել: Ըստ երեւույթին հենց այդ կենսափորձի համար էր, որ Սերժ Սարգսյանը Բաբլոյանին անսպասելիորեն առաջադրեց ԱԺ նախագահի պաշտոնին:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am