Երեւանում Մազմանյան-Շիրազ փողոցների խաչմերուկում առավոտյան ժամը 8.30-ի սահմաններում թիվ 27 երթուղին սպասարկող երթուղայինի եւ մարդատար ավտոմեքենայի վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 9 վիրավորների թվում երեխաներ չկան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը:

«Երեւանում Մազմանյան-Շիրազ փողոցների խաչմերուկում առավոտյան ժամը 8.30-ի սահմաններում թիվ 27 երթուղին սպասարկող երթուղայինի եւ մարդատար ավտոմեքենայի վթարի հետ կապված`


«Արմենիա» բուժկենտրոն տեղափոխվել է 9 քաղաքացի, որից 7-ը հոսպիտալացվել է շտապօգնության կողմից: Բոլոր քաղաքացիները հրատապ կերպով հետազոտվել են:

Բարեբախտաբար, որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, ծանր վիճակ որեւէ մեկի մոտ չի արձանագրվել:

Տուժածների թվում երեխաներ չկան:

Քաղաքացիներից երկուսն ունեն քթոսկրի կոտրվածք: Նրանցից մեկն ընդունվել է «Արմենիա» Բկ, ունի վիրահատության կարիք»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում, այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:40-ի սահմաններում Մազմանյան փողոցում ժողովրդին հայտնի «Կվարտալի խաչմերուկում» բախվել են Mercedes մակնիշի 35 NR 377 համարանիշի եւ 52-ամյա Արթուր Ա.-ի վարած «ԳԱԶ 32213» մակնիշի 49 94 Տ համարանիշի թիվ 27 երթուղին սպասարկող մարդատար «ԳԱԶել»-ը:

Բախման հետեւանքով 9 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ: