Երեւանի Շենգավիթ համայնքում այս պահին բողոքի ցույց է տեղի ունենում ընդդեմ «Սանիթեք» ընկերության, որը թերանում է աղբահահանության իր պարտականությունները կատարելու մեջ:

Նշենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ «Սանիթեք» ընկերությունը պատշաճ ծառայություններ չի մատուցում՝ քաղաքում ստեղծելով հակասանիտարական վիճակ: Օգոստոսի 8-ին Երեւանի քաղաքապետարանը «Սանիթեք»-ին տուգանել է 12 միլիոն դրամով:


«Սանիթեք» ընկերությանը նաեւ զգուշացվել է, որ ծառայությունները պայմանագրին համապատասխան եւ պատշաճ չիրականացնելու դեպքում կկիրառվեն պայմանգրով սահմանված ավելի կոշտ միջոցներ:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունն առաջարկել է ընդհանրապես «Սանիթեք»-ին զրկել լիցենզիայից, նոր մրցույթ կազմակերպել: Իր հերթին Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հայտարարել է, որ «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը լավագույնններից մեկն է, այլ խնդիր է, որ կազմակերպությունը լավ չի իրականացնում իր պարտավորությունները:

«Սանիթեք»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց մեքենաների մի մասը չի աշխատում, հիմա նոր մեքենաներ պետք է բերեն, որից հետո խնդիրը կկարգավորվի: