«Փաստ» օրաթերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին շատ հետաքրքիր իրավիճակում է հայտնվել ՀՀԿ-ն: Կուսակցությունից հնչում են տարաբնույթ տեսակետներ առ այն՝ արժի՞ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Ոմանք պնդում են, որ մասնակցելն ու քաղաքական զարկերակին ձեռքը պահելը կարեւոր է, ոմանք էլ ընդհակառակը, պնդում են, որ կարող են լինել արտախորհրդարանական ընդդիմություն:

Առավել հետաքրքրական է այլ բան. ի՞նչ կտա ՀՀԿ–ին մասնակցությունը եւ ի՞նչ կտա այդ մասնակցությունն ընտրություններին ընդհանրապես: Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո ամենաբարդը հենց ՀՀԿ–ի վիճակն է: Դառնալով, ըստ էության, հեղափոխության հակահերոսը, ՀՀԿ–ից ավելի շատ ջանքեր են պահանջվում քաղաքականության մեջ մնալու համար:


Նախորդող ամիսներին ՀՀԿ–ի դիմադրության լոկալ դրսեւորումներն ու դրանց հարուցած հանրային արձագանքն էլ ավելի նվազեցրեցին կուսակցության շանսերը: Իսկ հոկտեմբերի 2–ի իրադարձությունները վերջնականորեն տապալեցին որեւէ դիմադրության հաջողելու հնարավորությունը, ինչին հետեւած ընկճախտը երբեմնի իշխանական կուսակցության շարքերում ցույց է տալիս, որ վերջիններն այժմ, ըստ էության, էքզիստենցիալ ճգնաժամի մեջ են:

Ակնհայտ է, որ նախկին տեսքով ՀՀԿ այլեւս չի լինելու: Հարցն, ըստ այդմ, այն է՝ արդյոք առաջիկա ընտրություններին մասնակցությունը կօգնի՞, թե՞ կխանգարի ընտրություններին: Խնդիրն, ընդ որում, հենց մասնակցությունն է, ոչ թե նրանց կողմից անցողիկ շեմը հաղթահարել– չհաղթահարելու հնարավորությունը:

Միգուցե նրանք նոր ընդունվելիք Ընտրական օրենսգրքի ընձեռած «քառյակի» հնարավորությամբ մի քանի հոգով կարողանան անցնել խորհրդարան, բայց հարց է ծագում՝ ի՞նչ գնով:

Ակնհայտ է, որ առաջիկա ընտրություններն անցնելու են առանց արմատական ընդդիմության, եթե, իհարկե, չի մասնակցում ՀՀԿ–ն: Իսկ եթե ՀՀԿ–ն որոշի մասնակցել, ապա ակամայից դառնալու է ընդդիմություն՝ բոլորի, առաջին հերթին ֆավորիտ ուժի համար: Հետեւաբար ենթադրել կարելի է, թե ինչ ծանր գին կվճարի ՀՀԿ–ն, եթե մասնակցի ընտրություններին՝ անկախ նրանից՝ կկարողանա «անցնել», թե ոչ:

ՀՀԿ–ի առաքելությունն այս շրջանում պետք է դառնա ոչ թե մասնակցել–չմասնակցելու հարցի մասին ներկուսակցական բանավեճը, այլ ճշգրտումը մի կարեւոր հարցի՝ մասնակցել կամ չմասնակցել հանուն ինչի՞: Նախկինում նրանք իրենց այս հարցը երբեք չեն տվել, կամ տվել են, բայց ունեցել են շատ տրիվիալ պատասխան՝ հանուն իշխանության: Հիմա այլեւս հանուն իշխանության քաղաքականությանը մասնակցելու սցենարը անհնարին է ՀՀԿ–ի համար: Հետեւաբար, եթե այդ կուսակցությունը որոշում է շարունակել քաղաքական գործունեությունը, պետք է ձեւակերպի հարցն ու տա պատասխանը:

Եթե ՀՀԿ–ն որոշելու է հանձնվել հոսանքին ու իներցիայի ուժով շարունակել մնալ այնտեղ, որտեղ նրան, մեղմ ասած, չեն ցանկանում տեսնել, ապա մենք կունենանք նախընտրական քարոզարշավ, որտեղ երբեմնի նախկին իշխանությունը բոլոր կողմերից կհայտնվի կրակահերթի տակ:

Փաստացի ՀՀԿ–ի, իսկ նախկինում ՀՀՇ–ի օրինակով մենք տեսնում ենք կուսակցական համակարգի կրախը Հայաստանում: Թե՛ ՀՀՇ–ն, թե՛ ՀՀԿ–ն իրենց ազդեցության ամենաբարձր կետում դարձան ընդամենը իշխանության կուսակցություն: Նրա օրինակը պետք է լինի քաղաքական մյուս ուժերի, հատկապես ՔՊ–ի աչքի առաջ, որն այսօր սահուն կերպով վերածվում է սովորական եւ հերթական իշխանական կուսակցության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում