Ակնհայտ է, որ Հայաստանի նոր իշխանություններն ու անձամբ վարչապետը չունեն հստակ հայեցակարգ Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ եւ այս ամիսներին հանդես են եկել բազմաթիվ իրարամերժ եւ մտահոգիչ հայտարարություններով։ NEWS.am–ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀԿ–ական Էդուարդ Շարմազանովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ՀՀ իշխանության հետ հաջողվել է փոխըմբռնման գալ: ՀՀ ԱԳՆ-ն, սակայն, նշում է, որ Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հնգակողմ հայտարարության տեքստի շուրջ: Ինչպե՞ս եք գնահատում ընդհանրապես Արցախի խնդրի շուրջ վերջին զարգացումները:


Հայաստանում իշխանափոխությունից հետո մի քանի անգամ առիթ եմ ունեցել հայտնել իմ մտահոգությունները նոր իշխանությունների՝ Արցախի հարցում հայեցակարգի բացակայության վերաբերյալ, որովհետեւ ակնհայտ է, որ նոր իշխանությունը, վարչապետը չունեն հստակ հայեցակարգ Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ եւ այս ամիսներին հանդես են եկել բազմաթիվ իրարամերժ եւ մտահոգիչ հայտարարություններով։

Կրկնակի զարմանալի է, որ մեր իշխանությունը, ղեկավարությունը, որը լայվերի եւ ամեն ինչին էմոցիոնալ արձագանքելու սիրահար է, վերջին շրջանում Արցախի հետ կապված լռության է մատնել ամեն ինչ։ Այսօր էլ մեր Արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը մտահոգությունները չփարատեց, ավելի շուտ վատ իրադրության մեջ դրեց խոսնակին, որեւէ բան չասվեց, ավելի լավ է՝ չխոսեին, քան այսպես լղոզեին։ Այդ մտահոգությունը միայն ինձ մոտ չէ, դա կա նաեւ Արցախի իշխանությունների մոտ։

Եվ այսօր մի քանի հարց ունեմ ես։ Ադրբեջանը, որը տարիներ շարունակ խոսում է սպառազինությունների մրցավազքից, Երեւանն ու Զանգեզուրը գրավելուց, այսօր խոսում է փոխըմբռնման մասին եւ հայտարարում է, որ 2019թ.–ին շոշափելի արդյունք կարող է լինելու, ինչի՞ մասին է խոսքը։ Բոլորիս համար շոշափելի արդյունքը Արցախի կարգավիճակն է, Արցախի անկախությունը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, Ալիեւի ու Մամեդյարովի՝ Բակո Սահակյանի ու Մասիս Մայիլյանի հետ բանակցությունների գնալն է, պատրա՞ստ են դրան, եթե այո, ուրեմն կա փոխըմբռնում, հակառակ դեպքում դա չկա։ Ես անկնալում էի Հայաստանի իշխանություններից այսօր լսել, որ Հայաստանը փոխըմբռնում ասելով հասկանում է, որ որեւէ միակողմանի զիջում Հայաստանը չի կարող անել, «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը չի կարող նույնիսկ քննարկվել, Ադրբեջանը պետք է գիտակցի, որ պետք է նստի ու բանակցի Բակո Սահակյանի հետ, Արցախը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ վերջապես, կարեւորը ոչ թե տարածքների եւ փախստականների խնդիրն է, այլ պատճառների լուծումն է, իսկ պատճառը Արցախի կարգավիճակի խնդիրն է։ Բայց այսօր մենք որեւէ բան չլսեցինք։

Մտահոգիչ է, որ մարդը, որն ամեն ինչին արձագանքել է, այսօր լռում է։

Պարոն Շարմազանով, Ալիեւը հայտարարել է 11 հազար հեկտար տարածքներ իրենց վերահսկողության տակ անցնելու մասին: Ձեր կարծիքով, սա որքանո՞վ կարող է իրական լինել եւ ո՞րը պետք է լինի հայկական կողմի դիրքորոշումն այս հարցում:

Ինձ այնքան Ալիեւի ասածը չի մտահոգում, որքան մեր ղեկավարության, վարչապետի զրո արձագանքը։ Վարչապետն ասում է՝ վերելակում հանդիպեցի Ալիեւին, ինձ վրա թողեց կիրթ ու նորմալ մարդու տպավորություն, բայց այդ «կիրթ ու նորմալ» Ալիեւը դեկտեմբերի 17–ին հանդես է գալիս ելույթով եւ հայտարարում, որ սպառազինությունների մրցավազքը չի ընդհատվելու, հոխորտում է իր բանակի հզորությամբ, նշում, որ Ադրբեջանի բանակը հիմնական երաշխավորն է խնդրի լուծման։ Այսինքն, Ալիեւն ասում է, որ խնդրի ռազմական լուծումն իր համար արդիական է, շարունակելու է զինվել եւ Նախիջեւանում օպերացիաներ է իրականացրել, ստրատեգիական նշանակության բարձունքներ գրավել եւ 11 հազար հեկտարից է խոսում։ Եվ մինչեւ այս պահը Ալիեւի հայտարարությանը ոչ ոք չի արձագանքել։

Ինչի՞ մասին կարող է դա վկայել։

Ամեն ինչի մասին էլ դա կարող է վկայել։ Ես չեմ ուզում հիմա կանխատեսումներ անել։ Ես չեմ պատրաստվում «դիշովիյ» PR–ով զբաղվել եւ ամեն ինչ օգտագործել Փաշինյանին քարկոծելու համար, բայց տղերք, լայվ հաճախ մտնող մեր սիրելի պարոն ընկերներ, ինչո՞ւ չեք խոսում, այդ լռությունն է մտահոգիչ։ Եթե այդպես չի, թող մտնեն ու ասեն, որ Ալիեւը սուտ է խոսում, խաբում է, մենք ոչ թե տարածքներ ենք կորցրել, մենք ենք ստրատեգիական բարձունքներ գրավել, ես Ալիեւի ասածը հալած յուղի տեղ չեմ ընդունում, բայց մինչեւ այս պահը որեւէ պատասխան չկա։

Այսինքն վտա՞նգ եք տեսնում։

Մինչեւ խնդիրը չկարգավորվի, վտանգ միշտ եմ տեսնում, իսկ երբ քո իշխանությունն ավելի շատ տուրք է տալիս պոպուլիզմին, քան թե իրական գործողություններին, իհարկե, վտանգ եմ տեսնում։ Փաշինյանը խորհրդարանում ասում էր, որ մինչեւ 2020թ.–ը Հայաստանը պահելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, բայց այսօր տեսնում ենք, որ բոլորը պաշտպանում են Բելառուսի թեկնածուին, բացի Ռուսաստանից, բոլորը հրապարակավ հայտարարել են դրա մասին։ Ինձ համար երկրորդական է, թե այստեղ ինչ է խոսում Փաշինյանը, ինձ համար արդյունքն է կարեւոր։ Կորցրեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, Փաշինյանն ասում էր՝ ամեն ինչ կանեմ, հիմա էլ տեսնում է, որ չի ստացվում, ասում է՝ այդ պաշտոնը երկրորդային, երրորդային հարց էր մեզ համար։

Մենք տեսնում ենք՝ Բելառուսի նախագահը հայտարարություններ է անում, մեր իշխանությունը, որն այստեղ հայտարարում էր՝ ասֆալտին եմ փռելու բոլորին, ուժը այդ մի քանի համայնքապետի վրա էր պատո՞ւմ, այսօր միայն խոսնակի մակարդակով անհոդաբաշխ մի քանի բան է ասում։

Ես Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի եմ, Լուկաշենկոն Նիկոլին չի ասել, իմ պետությանն է ասել, իմ պետության ղեկավարին է ասել։ Նիկոլն այլեւս Նիկոլ չի, ՔՊ ղեկավար չի միայն, նա մեր երկրի վարչապետն է։ Ես դեմ եմ ոչ դիվանագիտական ձեւակերպումներին, բայց իրենք էին խոսում արժանապատվությունից, իրենք էին խոսում, որ մենք վիզը ծուռ ենք, բայց Բոլթոնը գալիս է այստեղ, ինչ ասես, խոսում, լռություն է, Լուկաշենկոն խոսեց՝ անհոդաբաշխ հայտարարություն, Ալիեւը խոսեց՝ զրո արձագանք, Մամեդյարովը խոսեց, ԱԳՆ–ն պատասխանեց, բայց ավելի լավ էր՝ չխոսեր։ Ժամանակն է դուրս գալ թայֆայական մտածողությունից, մենք ձեզ թշնամի չենք, այ ախպեր, Հայաստանում դուք թշնամի ու հակառակորդ չունեք, դուրս եկեք մանր թիմային մտածելակերպից։ Ոչ էլ Ռոբերտ Քոչարյանն է ձեզ թշնամի, էս երկրի խնդիրը երկրորդ նախագահին բռնե՞լն էր։

Իհարկե, մտահոգված եմ ու պետք է խոսեմ։ Ես երեւույթներից եմ խոսում, որեւէ անձնավորված խնդիր չկա։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք՝ NEWS.am–ի տեսանյութում։