Խանտի-Մանսիյսկի ինքնավար հանրապետության Յուգորսկ քաղաքի դիարանի հրաժեշտի դահլիճում մանկական սննդի տուփեր են հայտնաբերել: Քաղաքային դումայի պատգամավոր Անտոն Պանտինի խոսքերով, այնտեղ շուրջ 3 տոննա ապրանք է հայտնաբերվել: Նա «Վկոնտակտե»-ի իր էջում դիարանից տեսանյութ է տեղադրել և ոստիկանություն կանչել:

Ըստ Պանտինի, դիարանը շարունակում է աշխատել նախկին ռեժիմով, չնայած մանկական սննդի առկայությանը: «Դիարանն ամեն օր աշխատում է և այնտեղ, ամենայն հավանականությամբ, ֆորմալին, ֆենոլ, տիմոլ և այլ ուժեղ թունավոր նյութեր են պահվում, որոնք օգտագործվում են դիակների մշակման համար»,- պատգամավորին մեջբերում է Ինտերֆաքսը:

Ոստիկանությունը ստուգումներ է սկսել, որից հետո ընթացակարգային որոշում կընդունվի, գործակալությանը հայտնել են ՆԳՆ տարածքային վարչության մամլո ծառայությունից: