Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արմենակ Թ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

27-ամյա Արմենակին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար:

Ըստ մեղադրանքի՝ իր ծանոթուհի Աննայի (անունը փոխված է) վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ տարածելու համար Վանաձորի բնակիչ Գնել Մ.-ից պարզաբանում ստանալու նպատակով Արմենակ Թ.-ն 2018 թվականի սեպտեմբերի 16 –ին, ժամը 13-ի սահմաններում իր ընկեր Սասունի հետ գնացել է Գնելի բնակության վայր, Գնելին դուրս է հրավիրել, խոսել է հետը, իսկ երբ Գնելը ժխտել է ամեն բան, երեքով գնացել են Վանաձորի Իսահակյան փողոցում բնակվող Աննայի տուն՝ դեմ առ դեմ պարզաբանում կատարելու:

Աննայի հասցեին վարկաբեկիչ տեղեկություններ տարածելու, ինչպես նաև իրեն խաբելու պատճառով Արմենակը վիճաբանել է Գնելի հետ, որի ընթացքում ոտքերով, ձեռքերով, դանակի բռնակով, մետաղական սրճեփով, լուսամփոփով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գնելի մարմնի տարբեր մասերին, դանակով հարվածել է նրա աջ ազդրին և «բանդիտական ռազբորկաների» ու սարսափ ֆիլմերի ոգով դանակով կտրել-ամպուտացրել է նրա աջ ձեռքի ճկույթի վերին հատվածը:

Գնել Մ.-ի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է ծանր վնաս՝ ծոծրակային, ակնակապիճի շրջանների սալջարդ վերքերի ձևով՝ ուղեկցված՝ քունքոսկրի մախաթաձև ելունի կոտրվածքով, ճակատային բլթի կոնտուզիոն օջախով, գլխուղեղի ցնցումով, ձախ ուսագոտու շրջանի սալջարդ վերքով, աջ դաստակի 5-րդ մատի կտրած վերքով՝ եղունգային ֆալանգի տրավմատիկ ամպուտացիայով, աջ ազդրի վերին երրորդի կողմնային մակերեսի ծակած-կտրած վերքով:

Դատարանում Արմենակ Թ.-ն լիովին ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Դատարանը հաշվի է առել, որ Արմենակ Թ.-ն վատառողջ է, տառապում է «Անձի էմոցիոնալ անկայունության խանգարում՝ իմպուլսիվ տիպ հաճախակի դեկոմպենսացիաներով» հիվանդությամբ:

Արմենակ Թ.-ն ճանաչվել է մեղսունակ:

Դատարանը հաշվի է առել, որ նա նախկինում երկու անգամ դատապարտվել է դիտավորյալ հանցավոր արարքների համար: Վերջին պատժից ազատվել է 2014 թվականի նոյեմբերին:

Դատարանն արձանագրել է հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվ Արմենակ Թ.-ի կողմից: Այս հանգամանքը հաշվի է առնվել որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող:

Դատարանը, նկատի առնելով, որ տուժողին դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու ժամանակ Արմենակ Թ.-ի կողմից օգտագործվել են լուսամփոփ, մետաղե սրճեփ, դանակ, ինչպես նաև սեփական ոտքերն ու ձեռքերը, արձանագրել է՝ տուժողին վնաս պատճառելու համար դեպքի պահին օգտագործված տարատեսակ գործիքները, առարկաները, վնասվածքների տեղակայումը, հանցավորի պատրաստվածությունը, մեղքի դիտավորյալ ձևը իրենց ամբողջության մեջ «անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը», հետևաբար՝ ավելի է մեծանում արարքի հանրային վտանգավորության աստիճանը:

Դատարանը հաշվի է առել, որ Արմենակ Թ.-ն բնութագրվել է դրական, ամուրի է, իրեն մեղավոր է ճանաչել ու զղջացել է կատարածի համար:

Արմենակ Թ.-ն մեղավոր է ճանաչվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման, այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ մնալու 1 ամիս 27 օրը, ու վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի 4 ամիս 3 օր իրական ազատազրկումը:

Պատժի սկիզբը կհաշվվի Արմենակ Թ.-ին փաստացի արգելանքի տակ առնելու պահից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ խնդրելով պատժի մասով փոփոխել դատավճիռը և նշանակել ավելի մեղմ պատիժ: