Երեկ՝ մայիսի 13-ին, վիճաբանություն և կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 6-րդ զանգվածի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի վերնանցումի մոտ վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 09։15-ի սահմաններում Բադալ Մուրադյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել Opel մակնիշի ավտոմեքենայի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ՝ 59-ամյա Գարեգին Դիվանյանի միջև, որի ժամանակ Opel-ի վարորդը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ իր մոտ եղած գազային ատրճանակով 2 անգամ կրակոցներ է արձակել Գ. Դիվանյանի ուղղությամբ, ով էլ դեմքի շրջանում վնասվածքներ է ստացել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com