ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ այսօր՝ հունիսի 5-ին, Աբովյանի Հատիսի 22 հասցեից (ծննդատան խաչմերուկ) մեկնարկել է քայլերթը՝ ի աջակցություն ՔՊ–ի սատարած թեկնածուի։

Հիշեցնենք, որ Աբովյան քաղաքի հունիսի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է 5 թեկնածու։


Ընտրություններին ընդառաջ՝ քարոզարշավը թեժ է հատկապես երկու թեկնածուների՝ իշխանության աջակցությունը վայելող Գրիգոր Գուլյանի եւ գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի միջեւ։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ հունիսի 9-ի ընտրություններում իշխանությունը սատարելու է Գրիգոր Գուլյանի թեկնածությունը: Գուլյանն այս պահին զբաղեցնում է Կոտայքի մարզպետարանի ֆինանսական եւ Սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի պաշտոնը:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Աբովյանի ընտրությունները ՔՊ–ի համար դարձել են կենաց–մահու պայքար։ Արձակուրդ է գնացել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որպեսզի օգնի իրենց թեկնածուին, Փաշինյանը կարգադրել է «Իմ քայլի» պատգամավորներին օգտագործել իրենց ունեցած անձնական կապերն ու ծանոթությունները ՔՊ թեկնածուի հաղթանակն ապահովելու համար։

Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, որի թեկնածությունը 2015 թվականին սատարում էր ՀՀԿ–ն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, եւս առաջադրվել է այս ընտրություններում։ Վերջինս վստահ է, որ իր ղեկավարման տարիները հաջողված են եղել եւ աբովյանցիները իրենից գոհ են. «4 տարի աշխատում եմ Աբովյան համայնքի ղեկավար, գոնե այս պահին համայնքը բյուջեին ոչ մի լումա պարտք չունի, 4 տարիների ընթացքում ունեցել ենք 100 տոկոս եւ բարձր կատարողական, բացի այդ էլ համագործակցում են մի շարք միջազգային կազմակերպությունների, մարզային իշխանությունների, կառավարության հետ»։

Առաջադրվել են նաեւ Սասուն Գրիգորյանը, Արթուր Ղազարյանը, Մանուկ Մկրտչյանը։