Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունն Ամստերդամում մայիսի 30-ին դանակահարված հայ ծանրորդուհի Մել (Մելինե) Դալուզյանի շուրջ հայտարարություն է տարածել։

«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ամստերդամում ավազակային հարձակման ժամանակ հանցագործներին դիմադրություն ցույց տալու հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մել Դալուզյանը դուրս է գրվել հիվանդոցից»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ մայիսի 30-ին Դալուզյանը, Ամստերդամի սուպերմարկետներից մեկում գնումներ կատարելիս, տեսել է՝ ինչպես են գողերն սպառնում դրամարկղի աշխատակցին։ Նա օգնության է հասել և տապալել երկու գողերին։ Սակայն, մինչ ոստիկանության ժամանելը, հանցագործներից մեկը հաջողացրել է դանակով խորը հարվածներ հասցնել նրան՝ կրծքավանդակի ու մեջքի շրջանում։