ՌԴ նախագահ Պուտինը հրամանագիր է ստորագրել դեպի Վրաստան չվերթերը չեղարկելու համար: Դա տեղի է ունեցել Վրաստանում հայտնի իրադարձությունների ֆոնին, որոնք բռնկվեցին այդ երկրում Ուղղափառության խորհրդարանական Վեհաժողովի առիթով՝ դրան ՌԴ պատվիրակության մասնակցության եւ խորհրդարանի խոսնակի աթոռին ռուս պատվիրակի նստելու պատճառով:

Մեծ հավանականությամբ դա եղել է Վրաստանում ծավալված զարգացումների առիթ, քան պատճառ: Թեեւ, վրացական հանրությունում հանրային տրամադրությունների այս էներգետկ կուտակումը սկսել է թերեւս ավելի վաղ, առնվազն այդ երկրում նախագահի ընտրությունից, որի ընթացքում իշխող Վրացական երազանքի առաջնորդ Իվանիշվիլին անցկացրեց իշխանության թեկնածու Սոլոմե Զուրաբիշվիլիին, երկրորդ փուլով:

Այդ ընտրության լեգիտիմությունը կասկածի տակ դրեց ոչ միայն վրացական հանրությունը, այլեւ եվրոպական կառույցները, որոնք մտահոգություն արտահայտեցին ընտրության գործընթացի կապակցությամբ:

Ուղղափառության խորհրդարանական Վեհաժողովի առիթով բռնկվեց այդ կուտակված էներգիան, հանրային դժգոհությունը: Վրաստանի խորհրդարանի խոսնակը արդեն հրաժարական է տվել: Կգնա՞ իշխանությունը խորհրդարանի արտահերթ ընտրության պահանջին, թե՞ կփորձի գտնել այլ, այդ թվում ուժային հանգուցալուծում:

Նույն նախագահ Զուրաբիշվիլին հայտարարել է, թե անկարգությունները ձեռնտու են Ռուսաստանին, որը օկուպանտ եւ թշնամի է, ցանկանում է պառակտել Վրաստանը: Զուրաբիշվիլին գուցե իրավացի է, Ռուսաստանին խորթ չի լինի այդ ցանկությունը: Բայց Զուրաբիշվիլին իհարկե չէր կարող նույն բացությամբ ասել, որ անկարգություններն ու Վրաստանի պառակտումը ոչ պակաս կցանկանան Թուրքիան եւ Ադրբեջանը, որն արդեն բաց տեքստով տարածքային հավակնություն է ներկայացնում Վրաստանի նկատմամբ:

Ռուսաստանն այս դեպքում Վրաստանի հետ բաց կոնֆլիկտի մեջ է, եւ Վրաստանի իշխանությունը հանրությանը կառավարելու համար փորձում է օգտագործել այդ հանգամանքը:

Բայց, կա՞ Ռուսաստանն այն իրավիճակում, որ բռնկվել է Թբիլիսիում: Հանրությունը դուրս է եկել բողոքի Վրաստանում կազմակերպված միջոցառմանը ռուսական ներկայության առիթով: Ռուսաստանն ինքն իր դեմ բողո՞ք է կազմակերպել Վրաստանում, եթե փորձենք դիտարկել իրավիճակը այդ համատեքստում: Ինչի՞ է հասնելու դրանով:

Արդյոք Մոսկվան այդպիսով փորձում է պատրվակ գտնել վրաց-ռուսական բանակցային գործընթացում համաձայնությունից դուրս գալու համար, որը կարող էր վերաբերել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով անցնող տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանը:

Թե՞ այդ հեռանկարը խիստ անցանկալի էր այլ սուբյեկտների համար, մասնավորապես նույն Թուրքիայի եւ Ադրբեջանի, քանի որ դա կարող էր քանդել Հայաստանի շրջափակման վրա կառուցված նրանց ռեգիոնալ քաղաքականությունը, միաժամանակ թուլացնել Վրաստանի վրա նրանց ձեւավորած ազդեցությունը:

Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին, դուրս բերելով երկիրը ռուսական ազդեցության գոտուց եւ պատմական շրջադարձ ապահովելով Կովկասի համար, այդուհանդեձ ստիպված էր այդ քայլի ռիսկերի մի մասը չեզոքացնել Վրաստանում Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցությունը բարձրացնող տնտեսական հնարավորություններ տալով: Ներկայում, երբ Վրաստանի վերադարձը ռուսական ազդեցության գոտի կարող է տեղի ունենալ թերեւս միմիայն ռազմական ինտերվենցիայի միջոցով, Թբիլիսիի համար կարեւոր են քայլերը, որոնք կբերեն Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեւավորած ազդեցությունը թուլացնելուն:

Ընդ որում, հատկանշական է, որ Իվանիշվիլին Սահակաշվիլիից հետո գալով իշխանության, փորձեց գնալ այդօրինակ քայլերի, մասնավորապես հայտարարելով Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության՝ Վրաստանի շահերին անհամապատասխանության մասին: Հետո սակայն Իվանիշվիլին հասկացավ, որ բալանսավորելու համար անհրաժեշտ է որոշակի վերականգնել ՌԴ հետ հարաբերությունը:

Վրաստանին այդ իմաստով պետք է բալանսավորված ժամանակ, եւ դա պետք է նաեւ ներքին հարաբերությունների ճգնաժամում գտնվող նրա գործընկերներ ԵՄ-ին եւ հատկապես ՆԱՏՕ-ին, Վրաստանում եվրատլանտյան ռազմա-քաղաքական եւ անվտանգային ինստիտուցիոնալ ներկայացվածությունը ամրապնդելու համար: Դա կամբողջացնի ռեգիոնալ փոփոխությունը եւ խոշոր հաշվով նաեւ այն փոփոխությունը, որ առավել խորքային առումով իրականացրել են հայերը արցախյան հաղթանակով:

Արդյոք Թբիլիսիում տեղի ունեցող զարգացումները կբերեն բալանսի խախտման: ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն թերեւս չպետք է հապաղեն: