Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքներում գտնվող 15 հողատարածքների օտարման գործընթացի հետ կապված Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամների և ազգականների կողմից որևէ հանցավոր գործողություն չի կատարվել, հետևաբար նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ չեն կայացվել ։  Երեմ Սարգսյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ովքեր են ձեռք բերել այդ հողատարածքները՝ նշելով, որ գործի մասին այլ տեղեկություններ չի կարող հայտնել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՔԾ–ն հայտնել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքնության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր, որոնցով, սակայն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին։


Մեր տեղեկություններով՝ այս գործը միացվել է «Ավազահատիկ» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների, ինչպես նաև Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի կողմից ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ փոխադրելու վերաբերյալ քրեական գործին և քննվում է մեկ վարույթում։ Գործով մեղադրյալի կարգավիճակում են Հովիկ Աբրահամյանը և նրա եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը։

Հովիկ Աբրահամյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ՝ գրավը։