Համացանցում տարածվել է Նիկոլ Փաշինյանի ֆեյք նամակը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, որում Փաշինյանն իբր Հայաստանի ու ՆԱՏՕ-ի մերձեցման կոչ է անում: Մասնագետները փնտրում են նամակի հեղինակներին ու նրանց դրդապատճառները, բայց սա հարցի միայն մի կողմն է:

Մյուսը Ռուսատանի եւ Արեւմուտքի հարաբերությունների սրումն է, որն, ըստ ամենայնի, չի հաջողվել փրկել Օսակայում Մեծ քսանյակի գագաթնաժողովին: Թեեւ Թրամփը հանդիպել է Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարների հետ, սակայն Պուտինը եղել է ընդամենը անտուրաժ, իսկ գործարքը կնքվել է Ծինփինի հետ:

Այն, որ Պուտինն ու Թրամփը չեն կարողացել պայմանավորվել, վկայում է հանդիպումից անմիջապես նավթի գների անկումը: Բացի այդ, Ռուսաստանում նոր «Կուրսկ» է տեղի ունեցել՝ զոհվել է 14 նավաստի, որոնցից 7-ը՝ առաջին աստիճանի կապիտան, 2-ը՝ Ռուսաստանի հերոս:

Եթե մասշտաբներով դժվար է համեմատել այս վթարները, ապա աշխարհքաղաքական նշանակության առումով դրանք համատեղելի են: Ռուսաստանում փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում են զոհվել նավաստիները: Հայտնի հրապարակախոս Վիկտոր Շենդերովիչն ասում է, որ նրանք փորձել են վնասել համաշխարհային ինտերնետի կապուղիները: Այլ վարկածներ էլ կարող են լինել, բայց բոլորն էլ նման են Սիրիայում ռուս վարձկանների ոչնչացման դեպքին:

Վերլուծաբաններն այդ միջադեպերը դասում են ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ լարվածության պարբերաբար բռնկումներին:

ՆԱՏՕ-ն պատրաստվում է ՀԱՊԿ մի շարք երկրներում Արեւմուտքի կողմից վերահսկվող ռեժիմներ հաստատել, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիեւը: «Այդ թվում՝ «գունավոր հեղափոխություններ» սադրելու միջոցով», – ասել է նա «Ռոսիյսկայա գազետային» տված հարցազրույցում:

Նուրգալիեւը նշել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է պառակտել Ռուսաստանին եւ ՀԱՊԿ գործընկերներին, իսկ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը միշտ ուղեկցվում է հակառուսական տրամադրություններով:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության օրվա առթիվ խոսել է սեփական բանակից ու պարտադիր զինծառայությունից հրաժարվելու կոչերի մասին:

«Բուռն բանավեճ է ծավալվել՝ ինչպե՞ս պետք է ծառայենք բանակում: Կարելի է դիմել ՆԱՏՕ-ին եւ նրանցից խնդրել: Եթե մենք շատ խնդրենք, նրանք մեզ կխոստանան: Ուզու՞մ եք այդ տարբերակը: Ես՝ ոչ: Կա ուրիշ տարբերակ, որն ավելի հոգեհարազատ է: Մենք ոչ վաղ անցյալում ապրել ենք դրանում: Մեր եղբայրական, հարազատ Ռուսաստանը: Կարող ենք մտնել Ռուսաստանի կազմ, խնդրել նրանց, որ մեզ պաշտպանեն: Միջուկային հովանոց, գերձայնային զենք եւ այլն… կարող ենք խնդրել ու պայմանավորվել: Ուզու՞մ եք Ռուսաստանի կազմ, որ մեզ պաշտպանի: Ոչ: Ես էլ չեմ ուզում: Այդ դեպքում մնում է երրորդ տարբերակը՝ ինքներս ենք մեզ պաշտպանելու», – ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն միշտ ասում է այն, ինչ մտածում է: ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ընտրությունն արդեն երկար տարիներ պարտադրվում է հետխորհրդային հանրապետություններին, որ նրանց հետ պահեն իրական ընտրությունից՝ Ռուսաստանի եւ անկախության միջեւ: Հայաստանն ընտրում է անկախությունը: Բայց նրանք, ովքեր Ռուսաստանն են ընտրում, ոչնչի առաջ չեն կանգնում, որ Մոսկվային Հայաստանի վրա «գործ տան»: Այդ թվում՝ կեղծ նամակներ հրապարակելով:

 Նյութի աղբյուրը՝ Lragir.am