Այսօր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն արձանագրեց, որ Սևանա լիճն ամբողջությամբ կեղտոտ չէ և որոշ հանրային լողափերում լողալն առողջությանը վնաս չի հասցնում:

«Սոցցաներում այնպիսի տպավորություն է տարածվում, որ ամբողջ լիճն այդպիսի պատկեր ունի: Կարող ենք շրջել ու տեսնել, որ իրականում խնդիր չկա և լողալու համար իրենից վտանգ չի ներկայացնում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գնել Սանոսյանը:

«Մենք ճանապարհ փակելու փոխարեն անընդհատ պետք է տարածենք հակառակը. ցույց տանք, որ նորմալ վիճակ է, որ որևէ խնդիր չկա, մարդիկ լողանում են, որևէ մեկը դրանից չի վնասվել, առողջական որևէ խնդիր չի առաջացել»,-հայտարարեց նա:

Մարզպետն ապացուցելու համար, որ Սևանա լճի ջուրը մաքուր է և վտանգավոր չէ լողալու համար, մի քանի տնտեսվարողների հետ լողաց լճում:

Հիշեցնենք, որ Սևանա լճի լողափերի տնտեսվարողներն այսօր Սևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում, ինչից հետո նրանք փակեցին Երևան-Սևան մայրուղին: