ջեւանում փայտի բիզնեսի մեջ ներգրավված մարդիկ փակեցին մայրուղին, բախումներ եղան ոստիկանության հետ, կան տուժածներ ու տասնյակ ձերբակալվածներ: Այդ մարդիկ փաստացի պահանջում են չխանգարել իրենց անտառը կտրելու հարցում, քանի որ կարծես թե մարդկանց չեն արգելում անտառից դուրս բերել իրենց օրվա վառելիքը:

Արարատյան դաշտի գյուղերից մեկի բնակիչները ճանապարհ են փակել ոռոգման ջրի հարցով: Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ասում է, թե այդ գյուղի բնակիչները պարզապես չեն ցանկանում վճարել ջրի դիմաց:

Մամուլում տեղեկություններ կան, որ առաջիկայում հնարավոր է ծովագյուղցիները փակեն ճանապարհը ձկան որսի արգելքի պատճառով:

Սոցիալական խնդիրն անկասկած կա, մյուս կողմից կա Հայաստանի ռազմավարական պաշարների՝ ջրի, անտառի եւ այլնի խնդիրը, որը անցած տասնամյակներին ենթարկվել է անխնա շահագործման, թալանի ու մսխման: Խնդիրը բարդանում է նաեւ խորհրդային ու հետխորհրդային տարիների արժեհամակարգի, մտածողության, հոգեբանության իրողությունները նկատի առնելով:

Իր հերթին, Հայաստանում ձեւավորված հակասահմանադրական ու հակաօրինական տնտեսա-քաղաքական համակարգի պայմաններում պետական ինստիտուտները կատարում էին լիովին այլ գործառույթներ, որոնք կոչված էին ապահովել այդ համակարգի անխափան կենսագործունեությունը: Դրանք, ավելի պարզ ասած, կատարում էին հակառակ գործառույթները: Օրինակ, ֆինանսական, հարկային ու մաքսային մարմիններն ապահովում էին ստվերային տնտեսությունն ու շրջանառությունը, բնապահպանության մարմինը՝ Հայաստանի ընդերքի՝ ջրերի, հանքերի, անտառների ստվերային շահագործումը եւ այլն: Այս «պայմանի» մեջ ներգրավվում էին նաեւ հանրային լայն շերտեր, որն ապահովում էր կոռուպցիայի ու ստվերի «ուղղահայացը»:

Նոր կառավարությունը հայտարարել է, որ այս հարցերում փոխզիջումներ չեն լինելու, իսկ նման բողոքի ելույթները կոշտ հակազդեցության են արժանանալու: Կոշտ միջոցներն անհրաժեշտ են, այդ թվում օրենսդրական հստակ կարգավորումները, սակայն իրավիճակային լուծումներից զատ՝ անհրաժեշտ է խնդրի համալիր լուծում՝ սոցիալ-տնտեսականից մինչեւ կրթություն ու արժեհամակարգի փոփոխություն:

Այս վերջինն ամենաբարդն է, որովհետեւ գործ ունենք մի քանի տասնամյակ, եթե ոչ հարյուրամյակ հայ հանրության շրջանում հետեւողականորեն ներդրված արժեհամակարգի հետ:

Նյութիաղբյուրը՝ Lragir.am