Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Երևանում ապրող մի տղամարդ մուրացկանությամբ զբաղվող չորս անձից պահանջում և ստանում է տարբեր չափերի գումարներ։

Տեղեկությունների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ այդ տղամարդը 2018-2019 թվականներին, բռնության գործադրմամբ, ինչպես և բռնություն գործադրելու սպառնալիքով Կենտրոն վարչական շրջանում մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվող չորս անձից վերցրել է վաստակած ողջ գումարը կամ գումարի մի մասը։ Դեպքի առթիվ հուլիսի 22-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել «անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝ շորթում կատարելու» հատկանիշներով և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության։