Սեպտեմբերի 29-ին Հայաստանի մի շարք մարզերի 19 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Համայնքներում ընտրում են ղեկավար, որոշ համայնքներում էլ՝ ավագանու անդամներ։ Առաջադրումներն արդեն սկսված են, և Արագածոտնի ու Արմավիրի մարզերի մի քանի համայնքներում արդեն իսկ առաջադրումներ կան, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում։ Առաջադրվածներից մեկը համայնքի գործող ղեկավարն է, իսկ մյուսը՝ համայնքապետարանի առաջատար մասնագետն է։ Թեկնածուներ են առաջադրվել նաև Արմավիրի մարզի Տանձուտ և Փարաքար համայնքներում։ Տանձուտում առաջադրվել է գործող համայնքապետը, իսկ Փարաքարում՝ համայնքապետի տեղակալը։ Առաջադրվածներից բոլորն էլ անկուսակցական են և ինքնաառաջադրվել են։

Ուշագրավը նաև այն է, որ այն համայնքապետները, ովքեր կրկին առաջադրվել են և պաշտոնավարում են 2000-ականներից՝ 10-20 տարի, ներկայումս ինքնաառաջադրվում են որպես անկուսակցական։ Մինչդեռ նախկինում նրանց բոլորի կենսագրություններում գրված էր՝ կուսակցական պատկանելիությունը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն։ Այդ համայնքապետները տարիներ շարունակ սպասարկել են նախկին իշխանությանը, ընտրություն են կեղծել՝ ցանկալի արդյունք ապահովելով ՀՀԿ-ի համար։ Ստացվում է, որ հիմա նրանք պարզապես կարող են իրենց կենսագրությունից հեռացնել կուսակցական պատկանելիության վերաբերյալ տողը, գրել՝ անկուսակցական և կրկին շարունակել պաշտոնավարել։ Եվ փաստացի գործող իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկում ազատվելու համար այդ մարդկանցից՝ անգամ թեկնածու չի առաջադրում, որպեսզի մրցակցության մեջ հաղթի նորը։ Արդյունքում՝ Հայաստանում, ինչպես նախորդ բոլոր ՏԻՄ ընտրությունները, կանցկացվեն ապաքաղաքական մթնոլորտում։ Մարդիկ կընտրեն այն թեկնածուին, որը իրենց բարեկամն է, կամ գյուղի հեղինակություն ունեցող անձն է խնդրել ընտրել նրան։