Ընդհանուր իրավասության դատարանը հերթական անգամ մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մասին նրա պաշտպանների միջնորդությունը: Երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ: Ի՞նչ ակնկալիքով են արվում այդ միջնորդությունները, ժամանակ ձգելու տրամաբանությունից բացի, դժվար է ասել: Արդյոք Ռոբերտ Քոչարյանը համակերպվե՞լ է անազատության մտքին, կորցրել է ազատության մեջ հայտնվելու հույսն ու այժմ փորձում է ընդամենը խաղալ ժամանակի վրա: Դժվար է ասել, իհարկե, որովհետև ակնառու է, որ տեղի ունեցող գործընթացը իր տեսանելի մասից զատ, ունի նաև բավականին խորքային և բազմազան շերտավորումներ, որոնցից մեկն էլ, թերևս, Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հարցին զուգահեռ Սերժ Սարգսյանի «լռության միջոցի» փոփոխությունն էր, որտեղ նա հայտարարեց ձերբակալվելու պատրաստ լինելու մասին, միաժամանակ նաև, թե մոտենում է հանրության հետ «անկեղծ զրույցի» ժամանակը:

Դրան, ի դեպ, հաջորդեց Սարգսյանին աջակցությունն ԱՄՆ-ից, փաստացի աջակցությունը՝ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման տեսքով: Սերժ Սարգսյանն, ըստ երևույթին, Ռոբերտ Քոչարյանին «թողեց» կալանքի տակ՝ հայտարարելով, որ «անկեղծ զրույց» կունենա քաղաքացիների հետ: Ակնառու է, որ Սարգսյանի ձերբակալության թեման ավելի շուտ կապված է հենց նախկին իշխանության շրջանակում առկա հարաբերությունների պարզման գործընթացին և այն շրջանառվում է պարբերաբար, նախ Միքայել Մինասյանը, հիմա Սերժ Սարգսյանն անձամբ: Միամիտ է կարծես, թե այդպիսով կանխվում է ձերբակալելու որոշումը: Եթե այդպիսին լինի, ապա Սարգսյանի հայտարարությունները չէ, որ կանխելու են այն: Սերժ Սարգսյանը կանխել է թերևս նախկին իշխող համակարգից որևէ գործողություն, որի վերաբերյալ քննարկումներ գուցե ծավալվել են նախկին իշխանության ներսում՝ երկրորդ նախագահի կալանքի փոփոխման միջնորդությանը զուգընթաց, ինչի վկայություն էր գուցե նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե Ռոբերտ Քոչարյանը, նախկին նախագահների համեմատ, անհավասար պայմանում է:

Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը, հայտարարելով, որ «անկեղծ կխոսի», զսպել է իր առաջ դրվող գուցե որևէ պահանջ՝ երկրորդ նախագահի ազատության ուղղությամբ աշխատելու կամ քայլ կատարելու առումով, այդպիսով փաստացի նրան «թողնելով» կալանքի տակ: Ի դեպ, հիշենք նաև, որ կալանքի միջնորդությանը զուգահեռ, երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը հայտարարել էր, թե ո՞վ պետք է պատասխան տա նախորդ տասը տարում իրենց ընտանիքի դեմ քարոզչական գրոհի համար, ակնարկելով թերևս, թե ով էր իշխանության նախորդ տասնամյակում:

  Նյութի աղբյուրը՝ 1in.am