«Մենք ականատես ենք համաշխարհային քաղաքականության հիմնարար փոփոխությունների, երբ ԱՄՆ անվիճելի առաջնորդությունը կասկածի տակ են դնում ծագող գլոբալ խաղացողները», Սպուտնիկ Արմենիա ռուսական պետական գործակալության հարցերի առիթով մշակած պատասխանի մեջ աշխարհքաղաքականության վերաբերյալ իր պատկերացումն է շարադրում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Շարադրանքը նա սկսել է ԱՄՆ առաջնորդության անկման արձանագրումով, նշելով նաեւ, որ այդպիսի հանգամանքը սովորաբար ուղեկցվում է անորոշությամբ եւ անկայունությամբ, նաեւ մեծ ու փոքր պատերազմներով:

Ռոբերտ Քոչարյանն այդ իրավիճակը համարում է Հայաստանի եւ Արցախի համար նոր մարտահրավեր, եզրակացնելով, թե Հայաստանի իշխանությունը ոչ միայն պատրաստ չէ վատ սցենարների, այլ նաեւ «պրոարեւմտյան» է իր կազմով եւ բովանդակությամբ, այն դեպքում, երբ նոր իրողությունը չի թողնում Ռուսաստանի հետ սերտ գործակցության այլընտրանք:

Երկրորդ նախագահի աշխարհքաղաքական տրակտատն ավարտվում է ուշագրավ արձանագրումով: Նա ասում է, թե ինքն ունի լուծումներ, բայց դրանց մասին չի խոսում, որովհետեւ անվտանգային լուծումները համարում է բացառապես պետության գործառույթ եւ անիմաստ է համարում իշխանությանը որեւէ բան հուշելը:

Գործնականում սակայն, Ռոբերտ Քոչարյանի այդ մոտեցումը ունի թերեւս շատ ավելի պարզ պատճառ, ինչպես աշխարհքաղաքական վերլուծությունն ընդհանրապես:

Ռուսական պետական գործակալության հայաստանյան ստորաբաժանման հարթակում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխարհքաղաքական վերլուծությունը տողատակում ավելի շատ պարզ մատնագիր է՝ Սերժ Սարգսյանի հասցեին, որը նոյեմբերի 6-ին ՀՀԿ գրասենյակում հանդիպել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ եւ պայմանավորվել պարբերական հանդիպումների մասին:

Ռոբերտ Քոչարյանն արձագանքում է այդ հանդիպմանը, դրա վրա հրավիրելով Ռուսաստանի ուշադրությունն ու փորձելով հերթական անգամ ՌԴ ղեկավարությանը հասցնել իր թերեւս ավանդական ազդակը՝ Հայաստանում հեղափոխությունն արել է ԱՄՆ՝ Ռուսաստանի դեմ: Երկրորդ նախագահն ու նրա թիմը, նաեւ նրա ռուսաստանյան գործընկեր շրջանակները այդ ազդակը փորձում են Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը հասցնել արդեն ավելի քան մեկ տարի, այն բանից հետո, երբ մարտիմեկյան գործով մեղադրանք է ներկայացվել Ռոբերտ Քոչարյանին ու նա ձերբակալվել է:

Երկրորդ նախագահը տարբեր առիթներով բավական բաց տողատակով ակնարկել է Սերժ Սարգսյանի նկատմամբ ունեցած կասկածը: Ամենաթարմ ակնարկն օրերս Ընդհանուր իրավասության դատարանում երկրորդ նախագահին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննարկմանը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունն էր, որ մարտիմեկյան այդ գործը երեք նախագահների գործն է, եւ Ռոբերտ Քոչարյանը մյուս երկուսի համեմատ գտնվում է անհավասար մրցակցային պայմաններում:

Ռոբերտ Քոչարյանն ու նրա թիմը անկաշկանդ են Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղիղ թիրախավորելու գործում, սակայն մի շարք պատճառներով զրկված են Սերժ Սարգսյանին ուղիղ թիրախավորելու հնարավորությունից եւ նրա հանդեպ կասկածներն ու հարցադրումներն արտահայտում են տողատակով, ի տարբերություն Սերժ Սարգսյանի նախագահության շրջանի, երբ նույն թիմը Սարգսյանին թիրախավորում էր գործնականում բացահայտորեն, ընդ որում նույն աշխարհքաղաքական «տրամաբանության» շրջանակում:

Երկրորդ նախագահի գիրը վկայում է, որ նրա հարցապնդումներն ու հայացքը Ռուսաստանի քաղաքական ղեկավարության շրջանակում արժանանում են լոկ բարոյական աջակցության, եւ Քոչարյանն առերեւույթ մտահոգվելով Հայաստանի ու Արցախի համար, գործնականում արտահայտում է մտահոգություն սեփական ճակատագրի ու դրա հանդեպ ՌԴ անհրաժեշտ հոգատարության բացակայության առնչությամբ:

Այլապես, Հայաստանի եւ Արցախի հանդեպ մտահոգությամբ առաջնորդվելու պարագայում Ռոբերտ Քոչարյանը ձեռնպահ չէր մնա բարձրացրած խնդիրների առնչությամբ շատ կոնկրետ լուծումների առաջադրումից եւ գիրը կկենտրոնացներ հենց դրա, քան բացահայտորեն Նիկոլ Փաշինյանի, տողատակում նաեւ Սերժ Սարգսյանի նկատմամբ «աշխարհքաղաքական բամբասանքի» վրա:

Բայց երկրորդ նախագահը կոնկրետ լուծումների մասին խոսելուց ձեռնպահ է մնում ոչ այն պատճառով, որ կարող է պարզվել, որ Հայաստանի նոր իշխանությունը նույնիսկ ավելին է անում ՌԴ հետ գործընկերային հարաբերության ուղղությամբ, այլ նաեւ այն պատճառով, որ երկրորդ նախագահը սպասում է ՌԴ քաղաքական արձագանքին, որովհետեւ ըստ այդմ պետք է «կառուցի» լուծումները:

Երկրորդ նախագահի գիրը փաստացի արտահայտել է նրա իրապես բավական բարդ իրավիճակը, առաջին հերթին թերեւս մարդկային առումով: Ըստ ամենայնի, նրա հաջորդ գիրը պետք է հասցեագրվի Պեկին, երբ պարզ կլինի, որ Կրեմլին մեծ հաշվով չեն հետաքրքրում Ռոբերտ Քոչարյանի լուծումները, այլ հակառակը՝ նրա անձնական խնդիրներն են Ռուսաստանի համար մի շարք հարցեր լուծելու միջոց կամ գործիք, իսկ մի շարք շրջանակների համար այդ խնդիրներն անձնական հարցեր լուծելու միջոց են:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am