Ոչ անհայտ Անդրանիկ Միհրանյանը հայաստանյան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասում է, թե Հայաստանի նոր իշխանությունը կհեռանա կամ այն ճանապարհով, որով եկել է իշխանության, կամ կլինի դիկտատուրա: Միհրանյանը հենց սկզբից է կոշտ գնահատական տալիս Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը: Նա իհարկե արագ հասկացել է, թե ինչ է կատարվում եւ ինչ մասշտաբով: Միհրանյանը հասկացել է, որ Հայաստանում հեղափոխությունը՝ ոչ բռնի, թավշյա, առանց որեւէ արյան, չունենալով աշխարհքաղաքական վեկտոր, իրականում ունի քաղաքական լայն համատեքստ եւ հանգեցնելու է հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիայի:

Իսկ հայ-ռուսական հարաբերությունը բնականաբար զուտ երկկողմ հարաբերություն չէ, այն աշխարհաքաղաքական առանցքային գործոններից մեկն է, որն իր բնույթով կարող է պայմանավորել միջազգային թրենդեր, արտահայտել այդպիսի թրենդ: Միաժամանակ, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունը նաեւ էական նշանակություն ունեցող հանգամանք է թե Հայաստանի, թե ՌԴ ներքին կյանքի, ներքին տնտեսա-քաղաքական ուժերի հարաբերակցության համար: 

Միհրանյանն անշուշտ բավականաչափ խելոք մարդ է հասկանալու համար, որ Հայաստանում տեղի ունեցողը սկիզբն է Ռուսաստանում սպասվելիք մեծ հեղափոխության: Ընդ որում, խոսքն իհարկե ներքին տրանսֆորմացիաների մի գործընթացի մասին է, որը փոխելու է ուժերի հարաբերակցությունը ՌԴ տնտեսա-քաղաքական էլիտայում:

Բանն այն է, որ Կովկասը Ռուսաստանի համար լոկ ռազմավարական աշխարհագրական տարածք չէ: Կովկասը Ռուսաստանի համար պայմանավորում է ներքին քաղաքական, իշխանական ստատուս-քվո, դրա ձեւավորման հիմնարար գործոններից մեկն է, եւ հենց դա է նաեւ Կովկասի ռազմավարական եւ կենսական նշանակությունը Ռուսաստանի համար:

Հայաստանը ներկայում Կովկասի առանցք է, կովկասյան ստատուս-քվոյի հիմքը, ճարտարապետն ու պարեկը: Պատահական չէ, որ Ռուսաստանում մինչ այժմ գերակա տնտեսա-քաղաքական խմբերը տարիներ ի վեր փորձեցին կազմակերպել Կովկասի հայկական ստատուս-քվոյի փոփոխություն՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ գործակցված: Միայն այդ դեպքում նրանք կարող են իրենց ապահով զգալ ՌԴ-ում, մի կողմից ֆորմալ առումով չկրելով պատասխանատվություն իշխանության համար՝ այն ամբողջությամբ հանձնելով Պուտինին, մյուս կողմից Պուտինին ստիպելով ամբողջությամբ հանձնվել իրենց:

Պուտինի համար ծուղակն ակնառու է եւ Արեւմուտքի հետ բաց կոնֆլիկտով նա գործնականում փորձել է ոչ միայն պայքարել համաշխարհային ակումբի անդամ լինելու, այլ նաեւ Ռուսաստանում իշխանության իրական կրող լինելու համար: Հատկանշական էր ԱՄՆ օգնությունը Պուտինին 2018-ի նախագահի ընտրությանն ընդառաջ՝ ՌԴ տնտեսա-քաղաքական համակարգը ներառող Կրեմլի ցուցակի տեսքով, որը կազմվեց նաեւ ՌԴ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ Վաշինգտոնում փակ խորհրդակցությունների արդյունքում:

Անդրանիկ Միհրանյանը, լինելով ռուսական այդ տնտեսա-քաղաքական շրջանակների ստորին օղակի ներկայացուցիչ, անշուշտ մտահոգ է անձնական ճակատագրով, խաղից դուրս մնալու հեռանկարով, այդպիսով բացահայտելով Հայաստանի վասալության հաշվին Ռուսաստանում բարգավաճած մի ամբողջ համակարգի վախերը:

2016 թվականին հայկական բանակը արգելափակեց Ռուսաստանում հասունացող խորքային հեղափոխությունը ստատուս-քվոյի փոփոխությամբ կանխելու տարիների փորձը: Երկու տարի անց թավշյա հեղափոխությունը փաստացի ձեւավորեց ստատուս-քվոյի պաշտպանության երկրորդ՝ հասարակական-քաղաքական շերտը: Հասկանալի է Հայաստանում փոփոխության դեմ ռուսական այդ շրջանակների գրոհների նպատակը:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am