Թեպետ, դեռ 2019թ.-ի հոկտեմբեր ամսին ԱԺ-ն ընդունել է Քրեական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը, որով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացվել է, այնուամենայնիվ ՀՀ-ում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսեւորումները, այդ թվում՝ դրանց հրապարակումն ու տարածումը սոցիալական ցանցերի միջոցով շարունակվում է:
EcoNews.am-ը շարունակում է հետեւել ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին եւ բարձրաձայնել խնդիրների մասին:
Երիտասարդների շրջանում հայտնի սոցիալական ցանցերից մեկում Կարեն Անտոնյան (karenantonyan0) անունով օգտատերը պարբերաբար բեռնել է տեսանյութեր, որոնք վկայում են Հայաստանում փողոցային շնամարտերի ամոթալի պրակտիկայի դեռեւս գոյություն ունենալու մասին: Կենդանիների մարտերի իրականացումը ՀՀ-ում ոչ միայն անվերահսկելի է, այլեւ՝ անպատժելի, այն դեպքում, երբ կենդանիների մարտեր կազմակերպելու եւ իրականացնելու համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է պատիժ:
Բաց համացանցային տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզեցինք նաեւ, որ Կարեն Անտոնյան անունով օգտատերին հետաքրքրում են ոչ միայն ապօրինի շնամարտերը. վերջինիս նաեւ ոգեշնչում է ճանապարհային երթեւեկության կանոնների կոպտագույն խախտումներով երթեւեկությունը, որի հետեւանքները երբեմն աղետալի են լինում: Օգտատերը սոցիալական հարթակ է բեռնել մեքենաներով «հնարքների» տեսանյութեր, որտեղ երեւում են նաեւ մեքենաների պետհամարանիշները:
Կարեն Անտոնյան անունով օգտատերը շնամարտերից պարբերաբար տեսանյութեր է բեռնել, որոնք սովորաբար ունեցել են բարձր դիտելիություն: Այսինքն, երեւույթը ոչ միայն չի դատապարտվում, այլեւ՝ լայն տարածում է ստանում: Շնամարտերի վերջին թարմ տեսանյութերը բեռնվել են՝ 22.02.2020թ., 19.02.2020թ., 09.01.2020թ., 20.01.2020թ. եւ այլն, իսկ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնների խախտումների մասին վկայող տեսանյութերը՝ 23.08.2019թ., 21.07.2019թ.:
Ընդգծենք, որ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է. «1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է` կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը եւ իրականացնելը, ինչպես նաեւ կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը եւ այլ դաժան վերաբերմունքը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է` 1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) առանձին դաժանությամբ, 3) մանկահասակի ներկայությամբ, 4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ 2019թ-ի դեկտեմբերին EcoNews.am կայքին հաջողվեց ձեռք բերել տեսանյութ, որտեղ շնամարտին մասնակից էր նաեւ ոստիկան: Փաստացի՝ պնդումները, որ շնամարտերը կամ այսպես կոչված «թեստավորումը» իրականացվում է ՀՀ իրավապահ մարմինների «հովանու ներքո», ապացուցվում են: «Թեստավորում» երեւույթը, որն անդադար շահարկվում է դրա մասնակիցների կողմից, ոչ այլ ինչ է, քան հասարակ շնամարտ, ինչպես նաեւ՝ կենդանիների բուծման, առք ու վաճառքի շատ եկամտաբեր բիզնես, որն ինչ-որ «մութ» սխեմայով տարածվում է նաեւ երկրից դուրս, իսկ ՀՀ պետական մարմինները գաղափար չունեն տեղի ունեցողի մասին կամ պարզապես աչք են փակում ամենի վրա: