Բժիշկների խումբը, որը կազմվել է Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիայի կողմից՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հետազոտելու համար, նոյեմբերի 17-ին հրապարակել է քաղաքական գործչի վիճակի վերաբերյալ զեկույց, հայտնում է TASS-ը։


Հետազոտման արդյունքներով՝ անկախ բժիշկները հայտնել են պացիենտի կրիտիկական վիճակի մասին և կոչ արել անհապաղ տեղափոխել նրան մասնավոր կլինիկա։

«Ելնելով պացիենտի կրիտիկական վիճակից՝ նրա բուժման շարունակությունը պետք է անհապաղ կատարվի բազմապրոֆիլ հոսպիտալում, մասնավորապես՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ինչին չի համապատասխանում №18 բանտային բուժհաստատությունը»,-ասվում է փաստաթղթում։

Բժիշկները հայտնել են, որ 48 օր շարունակված հացադուլից հետո Սաակաշվիլիի մոտ առաջացել է հիպոկալեմիա, էնցեֆալոպատիա, թալասեմիա, նաև առկա է ստամոքսա-աղիքային արյունահոսության բարձր հավանականություն։

Միևնույն ժամանակ իշխանությունների ձևավորած բժշկական կոնսիլիումը պնդում է, որ քաղաքական գործչին վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու անհրաժեշտություն դեռևս չկա։