Galatv.am-ն գրում է. «Ես չգիտեմ՝ էս պահին Փառուխում ինչ իրավիճակ է, մենք մարտի 24-ից գյուղում չենք, ադրբեջանցիներին գյուղից հանել են, և հիմա գյուղում ռուս խաղաղապահներն են, բայց մեզ չեն թողնում գյուղ մտնել: Ադրբեջանցիները երբ մտան գյուղ, մենք ասեցինք՝ ռուս խաղաղապահներն ինչ-որ բան կձեռնարկեն, կբանակցեն, ոնց եկել են, այ էդպես էլ կգնան: Էն գնալն եղավ, որ պիտի գնան»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Ասկերանի շրջանի Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանը:

«Կրակոց չի եղել, իրենք ոտքով զենքները ձեռքներին եկել ու մտել են գյուղ, թե ոնց եղավ, թե ինչ եղավ, մենք էլ բան չհասկացանք: Ես էլ շատ հարցեր ունեմ. էդ ո՞նց է ստացվել, որ օրը ցերեկով խաղաղապահի աչքի առաջ դրանք մտան գյուղ, կամ ինչպե՞ս է ստացվում, որ առանց կրակոց գյուղ են վերցնում»,- շարունակեց Միքայելյանը:

Գյուղապետն ասում է՝ Փառուխը սահմանամերձ է, մոտ 300 մետր հեռավորության վրա էր ադրբեջանական դիրքերից:

«Մարտի 24-ից տարհանվել են մարդիկ, մտածում էինք՝ 1-2 օր հետո ամեն ինչ տեղը կընկնի, ադրբեջանցիները կգնան, ամեն մարդ իրա տան գլխին կլինի: Չգիտենք՝ ինչ է լինելու, էս ամեն ինչի վերջը չի երևում. էսպես անորոշ սպասում ենք, ուղղակի մարդիկ մեղք են: Երեք պատերազմ ենք տեսել, ամեն պատերազմից հետո տուն-տեղ ենք դրել, եկել էսպես խլել են, չեն թողնում, որ մենք մեր հողում ապրենք: Թուրքը հանդարտվել չգիտի ու պիտի անընդհատ մի բան խլի մեզնից»,- եզրափակեց Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանը: