Հրանտ Դինքը նշանավոր պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, երևելի մտավորական, որ հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։
Նա մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է մնում էր հանգիստ։ Նա միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ։ Ելույթ ունենալով մի շարք ժողովրդավարական հարթակներում և հասարակական կազմակերպություններում, Դինքը միշտ ընդգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը։ Նա թուրքերի և հայերի միջև խաղաղություն հաստատելու շատ կարևոր խթան էր։
Հայոց ցեղասպանության հարցում հակադրվելով Թուրքիայի պաշտոնական տեսակետին՝ ըստ որի՝ տեղի ունեցածը պատերազմական ժամանակների բախումների հետևանք էր և ոչ թե նպատակային կոտորած, Դինքը բազմիցս հալածվել է. 2005 թվականին դատապարտվել է 6-ամսյա պայմանական բանտարկության: «Կան թուրքեր, ովքեր չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել։ Սակայն, եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ ուղղակի բարի/հաճելի մարդկանց տպավորություն են թողնում... Բայց ամեն դեպքում ինչո՞ւ նրանք չեն կարողանում ընդունել ցեղասպանությունը։ Որովհետև նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չէին ցանկանա անել դա, և այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան»։
Հրանտ Դինքը հավատում էր, որ Հայկական Սփյուռքը հնարավորություն կունենա ազատ ապրելու՝ չենթարկվելով ճնշումների, առաջնահերթ հաշվի առնելով ապրողների մեծամասնության կարծիքը։ Հասկանալով, որ կարեկցանքը չի փոխում Ցեղասպանության հարցը, Դինքը կոչ է անում երկխոսության.
«Հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից»։
Դինքի գործունեությունը կրճատված է, ինչպես «չորրորդ ճանապարհի հայելին»։ Նա հավասարապես ցավում էր ինչպես հայերի, այնպես էլ Թուրքիայի ժողովրդին ու թուրքահայերի համար:
Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։ Կասկածյալի հետքի վրա դուրս գալուն օգնել է նրա հայրը, ով մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարը ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը։ Ներկայումս ոստիկանները փորձում են պարզել՝ արդյո՞ք որևէ ազգայնական խմբավորման անդամ է ձերբակալվածը։
Որոշ քաղաքագետների կարծիքով սպանությունը ծրագրված և իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով։ Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը, ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, Պոլսո հայ համայնքին։ Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։
Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպման մեջ մեղադրվում է «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպությունը։
Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում: «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն Դինքի: Սպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաև Թուրքիայի վարչապետը: 2005 թվականին Դինքն արժանացել է Թուրքիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Խոսքի և խղճի ազատության ամենամյա, 2006 թվականին՝ Գերմանիայի «Շտեռն» ամսաթերթի հիմնադիր Հենրի Նաննենի՝ Մամուլի ազատության և լրագրողական խիզախության, Նորվեգիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության Բյոռնսի անվան, 2007 թվականին՝ հետմահու՝ ՀՀ նախագահի, և այլ մրցանակների: 2007 թվականին ստեղծվել է Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամ, որի ջանքերով լույս է ընծայվել նրա «Երկու հարևան ժողովուրդներ» գիրքը: Դինքի անունով Ֆրանսիայի Մարսել քաղաքում կոչվել է փողոց, իսկ Փարիզում՝ դպրոց:
Ինքը Հրանտ Դինքը իր գործունեության մասին ասել է. «Իմ զբաղեցրած դիրքն այսպես է բնութագրվում՝ ես երկու ինքնության և երկու գիտակցության կրող եմ։ Առաջինը՝ թուրքաբնակ եմ, Թուրքիայի հանրապետության քաղաքացի… Երկրորդը՝ հայ եմ։ Բացի այն, որ Թուրքիայի հայ համայնքի մասինկն եմ, միևնույն ժամանակ էլ բարոյապես հանդիսանում եմ Հայաստանի և հայկական սփյուռքի մասնիկը, ցեղակիցն եմ այդ մարդկանց։ Այս ամենով հանդերձ, եթե ոմանք գեթ մի պատճառ ունեն ձգտելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա իմ պատճառները առնվազն երկու անգամ ավելի են։ Իմ որ ինքնությամբ ուզում եք՝ ինձ ուսումնասիրե՛ք. ոչ մի տարբերություն»։