«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲ Ընկերությունն իր անհամաձայնությունն է հայտնում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (Հանձնաժողով) կողմից Ընկերության գերիշխող դիրքին վերաբերվող ընդունված որոշման կապակցությամբ։ Այս մասին նշված է Ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
«Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում իր քսանամյա գործունեության ընթացքում Ընկերությունը գործում է ընդունված տեղական և միջազգային օրենքների համաձայն՝ պահպանելով բիզնեսի վարման էթիկական նորմերը: Այս ժամանակահատվածում մեր Ընկերության կողմից կատարվել են քառասուն միլիոն եվրոյին համարժեք ուղղակի ներդրումներ: Նաև, Ընկերությունը գտնվում է ՀՀ 30 ամենախոշոր հարկատուների ցանկում:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲ Ընկերությունը դիմել է դատարան դատական կարգով Հանձնաժողովի որոշումը բողոքարկելու համար, քանզի համարում է, որ կատարված պնդումները անհիմն են: Միաժամանակ, կարծում ենք, որ վարչական վարույթն իրականացվել է սահմանված ընթացակարգերի անհամապատասխանությամբ:
Մեր Ընկերությունը շարունակում է հետևողական լինել գործարար վարքագծի բարձրագույն չափանիշներին՝ արդյունավետ կերպով նպաստելով երկրի սոցիալական և տնտեսական զարգացմանը», ֊ նշված է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲ Ընկերության հաղորդագրության մեջ: