2017/18 թվականների մրցաշրջանը Մադրիդի «Ռեալը» սկսեց այնքան հաջող, որ եվրոպական բոլոր թոփ ակումբներն իրենց մտքում միաբերան կրկնում էին. «Նրանք այս տարի նույնպես հոշոտելու են բոլորին»:
Այո՛, այդպես մտածելու անհրաժեշտություն կար, քանի որ «սերուցքայիններն» այնպես հաղթեցին «Մանչեսթեր Յունայթեդին» ու «Բարսելոնային»՝ նվաճելով ՈւԵՖԱ-ի ու Իսպանիայի Սուպերգավաթները, որ երկրպագուները կարծեցին, թե այս տարի մադրիդցիները վերջապես «ոսկե հեթ-տրիկ» կձևակերպեն:
Մրցաշրջանի առաջին հատվածն ավարտվեց: «Ռեալի»՝ բոլորին ոչնչացնելու ու հնարավոր ամեն ինչ նվաճելու պատկերացումներից մնացել են միայն խոսակցություններ:
«Արքայական» ակումբն այնքան հեռու է «ոսկե հեթ-տրիկից», որքան Քիմ Քարդաշյանը «Սպարտակ» բալետից:
Այս ամենի մեջ մեղավորներ շատ կարելի է փնտրել: Նրանցից ամենաառաջինը թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն է, սակայն ակումբի բոլոր խնդիրները լուծելու ամենավերջին տարբերակը ֆրանսիացուն հեռացնելն է:
Եթե սուպերհերոս ես, ապա այդպես եղիր մրցաշրջանի բոլոր հատվածներում
«Ռեալի» ու «Բարսելոնայի» դիմակայությունը հավերժ է և այս խոսքերս ոչ մեկի համար բացահայտում չեն: Երկու ակումբները միշտ մրցակցության մեջ են: Նրանք միմյանց հետ են համեմատվում ցանկացած բնագավառում և հիմա, երբ մադրիդյան ակումբն իր փառահեղ հաղթանակներից հետո հայտնվել է խոր անդունդում, այստեղ է երևում ներկայիս «Ռեալի» ու իր հավերժ մրցակցի գլխավոր տարբերությունը:
Պեպի դարաշրջանի ավարտը, նախագահների շուրջ ստեղծված սկանդալները, Կատալոնիայի անկախացումը և որ ամենավատն է՝ Վիլանովայի մահը... ցանկացած այլ ակումբ նման իրադարձություններից հետո կարող էր ուշքի չգալ, բայց ոչ «Բարսելոնան»: Միասնականության ամենավառ դրսևորումը թերևս արտահայտված է այս թիմում: Ակումբի շուրջ պտտվող բացասական խոսակցությունները երբեք թիմի ցուցադրած խաղի վրա չեն անդրադարձել:
Ամեն ինչ ծայրահեղ վատ լինելու դեպքում էլ այս թիմը չի կորցնում իր խաղը: Թեկուզ Մեսսի հրաշագործության, թեկուզ բարձր կարգի շնորհիվ, բայց նրանք միևնույն է տանը հաղթում են նումանսիաներին ու ալավեսներին՝ չկորցնելով թոփ ակումբի համբավը: Հարկ եղած դեպքում այստեղ բոլորը պատրաստ են կռվել հանուն թիմի, հանուն գաղափարի: Մեսսին պատրաստ է դառնալ երկրորդական կամ երրորդական դերակատարում ունեցող անձ, միայն թե թիմի խաղը չխամրի:
Ներկայիս «Ռեալում» ամեն ինչ հակառակն է: Մեսսիի շողքը՝ Ռոնալդուն, նման զոհողության չի գնա: Պորտուգալացին պետք է լինի իր թիմի գլխավոր դերում, եթե նրանք հաղթում են: Նա պետք է լինի լավագույնը, երբ թիմում ամեն ինչ լավ է, իսկ եթե իրադարձությունները վատ են դասավորվում, ապա բոլորը մեղավոր են՝ բացի իրենից: Եթե դու սուպերհերոս ես, ապա այդպես եղիր խաղի բոլոր իրավիճակներում, ոչ թե միայն հաղթանակներ գրանցելիս:
Քչերն են Մադրիդում ցանկանում անհաջողության պատասխանատվությունը վերցնել իրենց վրա: Մի փոքր քննադատություն թիմի հասցեին և առաջատարները պատրաստ են լքել թիմը: Նրանք այստեղ ավելի շատ պայքարում են իրենց անունի ու համբավի համար, այնուհետև թիմի հաջողությունների:
Այստեղ խնդիրը շատ ավելի խորքային է, քան իրականում թվում է: Ֆլորենտինո Պերեսը իր մոտ է կանչել աշխարհի ուժեղագույններին և նրանց մեկ ամբողջական բռունցք կարողացել է դարձնել միայն մեկը՝ Զինեդին Զիդանը:
Մեղավոր եմ միթե ես,
Որ խնայել եմ քո փողերը ես
«Արքայական» ակումբի խորտակման մեղավորը այս փառահեղ թիմի ստեղծողն է: Զինեդին Զիդանը բոլորից լավ գիտեր, որ այս մրցաշրջանում իր թիմը մոտիվացիայի պակաս է ունենալու: Մոդրիչը, Մարսելոն, Կարվախալը և մյուս աստղերը 4 մրցաշրջանում երեք անգամ նվաճել են ՉԼ-ի հաղթողի կոչումը: Այս տարիներին նրանց նվաճած մրցանակների քանակն այնքան շատ է, որ նույնիսկ Դեն Բիլզերյանը այդքան քանակի նկար չունի իր սիրուհիների հետ:
2015/16 թվականների մրցաշրջանում Ֆլորենտինո Պերեսը Ռաֆայել Բենիտեսին հեռացրեց այն ժամանակ, երբ նա Լա լիգայում 18 տուրից հետո ուներ ավելի շատ միավոր, քան հիմա Զինեդին Զիդանը: Ֆրանսիացի մասնագետին ակումբում հարգում են նախկին բոլոր մարզիչներից շատ: Վերջինիս խոսքը լսում է նույնիսկ Ֆլորենտինո Պերեսը, ով եթե ասում է, որ մածունը սև է, ապա հակառակը համոզելը չափազանց բարդ գործ է:
Այս ամենը շատ պարզ երևում է ինչպես հիմա, այնպես էլ երևաց մրցաշրջանի մեկնարկից առաջ: Զիդանը թույլ տվեց թիմից հեռանալ Խամեսին, Մորատային, Դանիլոյին: Ֆուտբոլիստներ, որոնք մրցակցություն էին ստեղծում թիմում և որքան էլ նրանց համար տհաճ էր, բայց համարվում էին պահեստային խաղացողներ ու շատ հանգիստ լուծում էին առաջնությունում թույլ մրցակիցների հարցերը:
Խամեսը Պերեսի սիրելի ֆուտբոլիստներից էր, ով «Սանտիագո Բեռնաբեու» էր եկել վերջինիս ցանկությամբ: Ակումբի նախագահը նրան էր տեսնում որպես Ռոնալդուին փոխարինող և ապագա «Ոսկե գնդակի» տիրակալ: Միակ մարդը հենց Զիդանն էր, ով կարող էր համոզել Պերեսին վաճառել կոլումբիացուն և թիմի մյուս հզոր խաղացողներին:
45-ամյա մասնագետը խնայեց Պերեսի փողերը՝ թիմ հրավիրելով էրնանդեսների ու սեբալյոսների: Եթե համեմատենք ֆուտբոլիստների ներկայիս տրանսֆերային արժեքները, ապա այս խաղացողները «Ռեալ» են եկել անհավանական ցածր գներով: Զիդանը կամ շատ ինքնավստահ էր, որ կարծում էր, թե կարող է այսպիսի թույլ երկրորդ կազմով պայքարել բոլոր մրցաշարերում, կամ էլ ծագումով ալժիրցի մարզիչը ցանկացել է խնայել Ֆլորենտինո Պերեսի փողերը: Երևի թե իսպանացի գործարարն ավելի կարևոր ծախսեր ուներ նախորդ ամռանը:
Փաստը մնում է փաստ, որ նորեկներն առաջնության առաջին կեսում իրենց չարդարացրին, կամ մարզիչը նրանց հնարավորություն չտվեց: Ձմեռային տրանսֆերային պատուհանը վաղուց բաց է, «Ռեալի» մասին շրջանառվող խոսակցությունները՝ կրկին շատ: Սակայն, ինչպես երևում է, Զիդանը շարունակում է մտածել ակումբի նախագահի փողերի մասին՝ չցանկանալով նոր ֆուտբոլիստներ:
Եթե քո թիմը շատ կարճ ժամանակում նվաճում է հնարավոր ամեն ինչ, ապա անխուսափելի է լինելու նման իրավիճակը: Ժամանակին Պեպ Գվարդիոլան նշել էր, որ իր համար ամենաբարդը ֆուտբոլիստների մեջ մոտիվացիա արթնացնելն է: Նա հեռացավ կատալոնական ակումբից այն ժամանակ, երբ թիմը հաղթել էր նույնիսկ ընկերական բոլոր մրցաշարերում: Այժմ նույն իրավիճակում է Զինեդին Զիդանը:
Իրավիճակը պայթունավտանգ է, բայց ոչ անլուծելի
2017/18 թվականների մրցաշրջանից առաջ իտալական ֆուտբոլի ու հատկապես «Միլանի» երկրպագուները ցնծում էին: «Ռոսոներիները» նոր թիմ էին ձևավորում, որը պետք է վերադարձներ երբեմնի փառահեղ ակումբի խորտակված հեղինակությունը: Այս գործը վստահվել էր Վինչենցո Մոնտելային, ով ամբողջովին տապալեց մրցաշրջանը և հեռացվեց: «Միլանը» դեգերում էր մրցաշարային աղյուսակի միջնամասում՝ երազելով ՉԼ-ի ուղեգիր նվաճելու մասին: Ակումբի ղեկավարները փորձեցին շտկել իրավիճակը՝ թիմ հրավիրելով Ջենարո Գատուզոյին, իսկ արդյունքում... արդյունքում այժմ թիմի վիճակն այնքան վատ է, որ երկրպագուները ամանորյա նամակներ էին գրում՝ խնդրելով վերադարձնել Մոնտելային:
«Ռեալում» նույնպես նման իրավիճակ է, որն արդեն պայթունավտանգ է դարձել: Շատերը պահանջում են մարզչի հրաժարականը: Ակումբի ղեկավարության ամեն մի սխալ քայլ կարող է իսկական պայթյուն առաջացնել թիմում և որոշումներ կայացնելուց շատ երկար պետք է մտածել: Եթե «սերուցքայինները» չեն ցանկանում հայտնվել «Միլանի» կարգավիճակում, ապա չպետք է հաջողություն ասեն Զիդանին:
Մարզչի փոփոխությունից ոչինչ չի փոխվելու: Նա այս մեքենայի կառուցողն է, ով շատ լավ գիտի նրա թույլ և ուժեղ կողմերը: Զիդանը միակն է, ով կարողացել է այսքան անհատականություններից մեկ թիմ ստանալ ու նվաճել անհնարին թվացող բարձրունքները: Ամբողջությամբ մասնատված թիմը նա կարողացավ վերականգնել, համախմբել և առաջնորդել դեպի չեմպիոնական տիտղոսներ:
Թիմը գրեթե նույն վիճակում էր, երբ նա նոր էր եկել այստեղ և հիմա ֆրանսիացին պետք է կարողանա նույն սխրանքները գործել, ինչ 2016 թվականին:
Զիդանին հեռացնել հարկավոր չէ, քանի որ չկա մեկ այլ մարզիչ, ով ներկա պահին կունենա այդքան վստահություն և ուժ, որպեսզի ստանձնի կամակոր Ռոնալդուի ու թիմակիցներին մարզելու գործը: Պարզապես տեսեք, թե որ թոփ մարզիչներն այժմ չունեն աշխատանք: Անչելոտիին Պերեսն այնպես է հրաժեշտ տվել, որ Դոն Ֆաբիոն նույնիսկ աստղաբաշխական աշխատավարձի ժամանակ չի ցանկանա վերադառնալ Մադրիդ: Թոմաս Տուխելը, ով նույնպես այս պահին ակումբ չունի, չի համապատասխանում «Ռեալին», իսկ որևէ այլ մարզիչ, որ այս պահին իր տանը նստած սպասում է «Ռեալի» զանգին՝ չկա:
Զիդանին հեռացնել հարկավոր չէ. մի կողմ դրեք նրա անվան փաստը, նա 45-ամյա մի մարզիչ է, ով վաստակել է մեկ վատ մրցաշրջան անցկացնելու հնարավորությունը: Այս մարդը մադրիդիստներին նվիրել է երկու անընդմեջ ՉԼ-ի գավաթ, արդյունք, որը ֆուտբոլի պատմության ոչ մի մարզչի չէր հաջողվել գրանցել: Նա Բենիտես կամ Պելեգրինի չէ, որ մրցաշրջանի կեսից ցույց տաս դռան տեղը և առանց շնորհակալության հեռացնես:
Զիդանին հեռացնել հարկավոր չէ մեկ պարզ պատճառով՝ թիմը դեռևս շարունակում է պայքարը ՉԼ-ում ու Իսպանիայի Գավաթում: «Ռեալի» խաղը վատը չէ, ամենևին: Այո՛, նրանք այլևս չեն կարողանում փրկել խաղը հանդիպման վերջնամասում, այո՛, Ռոնալդուն այս տարի Լա լիգայում անիծված է, բայց թիմը խաղային իր ձեռագիրը չի կորցրել: Այս տղաներին մեկ խոշոր հաշվով հաղթանակ է պետք, որպեսզի կրկին կարողանան դառնալ այն հերոսները, որոնք պատմություն էին կերտում: «Սևիլիային» 45 րոպեում ջախջախելը բավական էր, որ նրանց մոտ վերադառնար այդ վստահությունը և, մեկնելով ԱՄԷ, նրանք դարձան աշխարհի ուժեղագույն ակումբ:
Զիդանի հեռացնել հարկավոր չէ, քանի որ նա սիրված ու ընդունված է հանդերձարանում: Մեկ անգամ չէ, որ թիմի ֆուտբոլիստները նշել են, որ պատրաստ են մինչև մահ լինել իրենց թիմի գլխավոր մարզչի կողքին: Մի՞թե նման ծանր իրավիճակում պետք է հեռացնել բոլորի կողմից վստահություն վայելող մարդուն:
Այս պահին միակ բանը, որ պետք է անել, դա Զիդանին լիովին վստահելն է, նրա գործերին ու ծրագրերին չխառնվելը: Ճիշտ է, նա կրկին տրանսֆերներ չի իրականացնում, նա կրկին չի կատարում թիմի երրորդ փոխարինումը, երբ իր խաղացողները դաշտում կանգնած նայում են, թե ինչպես է մրցակիցը ծաղրելով գոլեր խփում: Բայց այս ամենի հեղինակը նա է ու հենց նա կարող է լուծել այս գլուխկոտրուկը:
ՊՍԺ-ի հետ դիմակայությունը շատ հարցերի պատասխան կտա: Կարևոր ստուգատեսից առաջ «Ռեալը» մրցելու է «Լևանետի» ու «Ռեալ Սոսյեդադի» հետ: Այս խաղերում «Ռեալը» կարող է հաղթել, հաղթել ջախջախիչ հաշվով և ոգևորությամբ մոտենալ փարիզցիների հետ խաղերին:
Մրցաշրջանը վաղ, թե ուշ ավարտվելու է: Մայիսին պարզ կդառնա՝ «Ռեալը» քանի տիտղոսով կավարտի մրցաշրջանը: Այդ ժամանակ կարելի է մտածել վերափոխումների, մեգատրանսֆերներ իրականացնելու, աստղային նորեկներ բերելու և թիմի կազմը լիովին փոխելու մասին: Երիտասարդները սպասում են իրենց հնարարություններին: Տեո Էրնանդեսը, Դանի Սեբալյոսը, Մարկո Ասենսիոն ու մյուսները պատրաստ են փոխարինել մոդրիչներին ու բենզեմաներին: Նրանց պետք է տալ այդ հնարավորությունը, սակայն ոչ հիմա: Դա կարելի է թողել հաջորդ մրցաշրջանում, իսկ հիմա ավելի կարևոր խնդիր կա...
Ռոնալդուի, Կրոսի, Ռամոսի, Մարսելոյի ու հիմնական կազմի մյուս ֆուտբոլիստների կարիերայի ամենակարևոր պահն է եկել: Նրանք ապացուցելու բան ունեն ամբողջ աշխարհին: Հիմնական կազմի այս 11 խաղացողները պարտավոր են դուրս գալ խաղադաշտ ու ապացուցել, որ նախկին նվաճումները պատահական չեն եղել, որ նրանք իսկապես արժանի էին կրելու «գալակտիկոս» մականունը կրող թիմի մարզաշապիկը և այս ամենում նրանց կարող է օգնել միայն Զիզուն:
Այդ ամենը պետք է անել ՉԼ-ի 1/8 եզրափակչում՝ ՊՍԺ-ի հետ խաղերում՝ Փարիզից վերադառնալուց առաջ «Պարկ դե Պրենսի» խոտածածկին գրելով՝ «Մադրիդը միշտ վերադառնում է, պատմությունը ոսկե տառերով գրելու համար»...: