Վարդենիս ԲԿ-ում մահացած պտղի դեպքի առնչությամբ Առողջապահության նախարարությունը երեխայի ծնողների հետ կապ չի հաստատել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց մահացած երեխայի հայրը՝ Հրայր Խուրշուդյանը։
Նա ասաց, որ ծննդկանի՝ 32-ամյա Ինետա Գալստյանի վիճակը «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկները գնահատում են կայուն ծանր։
«Բժիշկներն ասում են՝ արյան տոկոսները ցածր է, երիկամներում խնդիր է առաջացել։ Համեմատած երեկվա, այսօր կնոջս վիճակի դրական փոփոխություն կա։ Որ կնոջս առողջություն լինի, ես ոչ մի իրավապահ մարմնի չեմ դիմի, միայն կինս առողջանա՝ 3 երեխաս չմնան առանց մայր։ Դեռ որեւէ մեկի քրեական պատասխանատվության ենթարկելու մասին չեմ մտածում։ Եթե կնոջս մի բան եղավ, վրեժխնդիր եմ լինելու բժիշկներից»,- ասաց Հրայր Խուրշուդյանը։