«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը տաքսու վարորդը զբոսաշրջիկին օդանավակայանից Երևանի կենտրոն՝ ավելի կոնկրետ «Մարիոթ» հյուրանոց հասցնելու համար 34 հազար դրամ է վերցրել։

Դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը: Զբոսաշրջիկն այս մասին պատմել է Մանուկյանի ընկերոջը: Գրառմանը կից Մանուկյանը հրապարակել էր նաև «Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ի տաքսի ծառայության կտրոնը՝ 34,000 դրամ գումարային նշումով: Նա նաև տեղեկացրել էր, որ տաքսին ինչ-որ պատահական մեքենա չի եղել, այլ՝ օդանավակայանի պաշտոնական տաքսիներից:

Մանուկյանի այս գրառումը մեծ աղմուկ բարձրացրեց, շատերը նշում էին, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Զվարթնոց» օդանավակայանից Երևանի ցանկացած հատված հասնելու համար տաքսու վարորդները ուղևորից և հատկապես զբոսաշրջիկներից տասնյակ անգամ ավելի շատ գումար են պահանջում, քան կարող է գրել հաշվիչը: ՀՀ զբոսաշրջության կոմիտեն թեև տեղյակ է դեպքից, սակայն չեն կարող ինչ-որ գործողություններ իրականացնել, քանի որ օրենքով նման լիազորություններ չունեն: Մեր հարցին, թե ի՞նչ միջոցեր է ձեռնարկում կոմիտեն այս խնդիրները վերացնելու համար, այսպես պատասխանեցին Զբոսաշրջության կոմիտեից:

«Աէրոպորտ Սերվիս» ՍՊԸ-ն «Հետք»-ի փոխանցմամբ հիմնադրվել է 2016թ. հունվարի 22-ին՝ Արգեն Գեղամյանի կողմից: 2017թ-ի նոյեմբերի 2-ից Սերվիս ընկերության միակ բաժնետերը և տնօրենը երևանաբնակ Սուրեն Երեմյանն է: Վերջինս Երևանի ավագանու նախկին անդամ ՀՀԿ-ական Արմեն Երեմյանի եղբայրն է:

 


Զբոսաշրջիկին տրամադրած կտրոնի վրա երկու հեռախոսահամար է նշված, որոնցից մեկը գոյություն չունի, իսկ մյուս համարին պատասխանողն ասաց, որ Սերվիսի հետ կապ չունի և որ այս համարը մի քանի ամիս առաջ է գնել:

Թեև ոստիկանությունում որևէ մեկը այս դեպքով բողոք, հաղորդում չի ներկայացրել, սակայն հրապարակումը իրավապահներն ուսումնասիրում են: Մեր տեղեկություններով, այսօր ոստիկաններին հաջողվել է ճշտել զբոսաշրջիկից 34 հազար դրամ պահանջած տաքսու վարորդի ինքնությունը:

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ վարորդին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում լսել են: «Դեպքի հանգամանքները պարզվում են»,- հավելեցին ոստիկանությունից: Նշենք, որ տաքսու վարորդից «խաբված» զբոսաշրջիկը մեկնել է Հայաստանից:

Դեպքին է անդրադարձել նաև «Զվարթնոց» օդանավակայանը՝ հերքելով «Աէրոպորտ Սերվիս» տաքսիի առնչությունն իրենց հետ: Ըստ այդմ՝ նշվել է, որ իրենց միակ պաշտոնական գործընկերը Yandex Taxi ընկերությունն է և կեղծարարությամբ զբաղվողները պետք է բացահայտվեն:

««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը մշտապես բարձրաձայնել է օդանավակայանում առկա նման խնդրի մասին և դիմել պատկան մարմիններին`խնդրով զբաղվել և կեղծարարությամբ զբաղվողներին բացահայտել»,- գրել է օդանավակայանը:

ՀԺ-ին օդանավակայանից փոխանցեցին, որ տաքսիները կայանված են լինում հանրային վայրում և իրենք իրավասություն չունեն ինչ-որ քայլեր ձեռնարկելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: