Չնայած «Թավշյա հեղափոխության մեղրամիսն» ավարտվել է, և Հայաստանի կառավարությունը լծված է առօրյա աշխատանքի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցության աստիճանը հայ հասարակության շրջանում աննախադեպ է մնում, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի Հանրապետական միջազգային ինստիտուտի Եվրասիայի տարածքի պատասխանատու Սթիվեն Նիքսը: Հանրապետական միջազգային ինստիտուտի կողմից Հայաստանի հանրային կարծիքի հետազոտության համաձայն՝ Փաշինյանի աջակցության աստիճանը Հայաստանում կազմում է 76 տոկոս։
«Նախկին խորհրդային տարածքում ցանկացած ղեկավար, ցանկացած առաջնորդ ամեն ինչ կաներ նման բարձր վարկանիշի համար»,-ասել է նա:
Նիքսի խոսքով՝ վարչապետի և կառավարության բարձր աջակցությունը Հայաստանի քաղաքացիների շրջանում վարչակազմի գործունեության աջակցության կարևորագույն ցուցանիշն է.
«Մեր հարցման առավել կարևոր բացահայտումներից մեկը լավատեսությունն է, որ տիրում է հայ հասարակության շրջանում: Հայաստանցիների 70 տոկոսը լավատես են իրենց երկրի ապագայի նկատմամբ: Մենք հարցումներ ենք անցկացնում հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում, և պետք է ասեմ, որ հայերի լավատեսության մակարդակը բոլորից բարձր է: Դա ինքնին ցնցող է»:
Միևնույն ժամանակ, քաղաքացիները գիտակցում են, որ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծումը՝ կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական և տնտեսական իրական բարեփոխումներ, ժամանակ է պահանջում, նշում է Սթիվեն Նիքսը.
«Ըստ մեր ստացած արդյունքների՝ ժողովուրդը պատրաստ է ժամանակ տալ այս կառավարությանը՝ խնդիրները կարգավորելու համար»: