Աստղագետ Լուսյա Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց՝ 2020 թվականը պատիժների ու դատավարությունների տարի է լինելու, ու չնայած դրան՝ Հայաստանի համար շատ հաջող տարի է:
«Ես կենդանակերպի նշաններով չեմ մեկնաբանում, քանի որ դա այնքան էլ ճիշտ չեմ համարում: 2020 թվականը բացահայտումների տարի է լինելու: Եկող տարի պատերազմ կամ Սպիտակի երկրաշարժի նման աղետ չի սպասվում, փոխարենը՝ մեզ շրջապատող թշնամական երկրներում ավերիչ երկրաշարժերի ականատես կլինենք: Բոլոր թաքուն գործերը ջրի երես դուրս կգան, ով անարդարություն արեց՝ նա տեղում պատժվելու է:
Պատիժները շատացել են, որովհետև հատուցման ժամանակն է եկել: Այժմ մոլորակների շքերթն է, բոլոր մոլորակները հավաքվում են մի տեղ, և պատիժների շրջանն է սկսվում: Սա կոչվում է մաքրման շրջան: Մարդիկ պիտի մաքրեն իրենց միտքը: Այս տարին ավելի շատ համեստ պիտի լինի, ու այն շլացուցիչ հարսանիքները խորհուրդ չեն տրվում, այսինքն՝ ցուցադրական երևույթներ չպիտի լինեն, քանի որ դրանք սնանկության են տանելու»,- ասաց աստղագետը:
168.am-ի հարցին, թե եկող տարի քաղաքական դաշտում փոփոխություններ կլինե՞ն, թե՞ ոչ, Լուսյա Հակոբյանը պատասխանեց.
«Նիկոլ Փաշինյանն իր վրա դրված միսիան կատարեց, նա եկավ և կտրեց մեր կապը հնի հետ, տիեզերքում դա կանխորոշված էր, նա ավարտեց իր միսիան: Սակայն նրա կադրային քաղաքականությունն ինձ դուր չի գալիս: Նրա կողքին դավաճաններ կան, ու եթե նա իր քաղաքականությունը չվերանայի՝ 2020 թվականի աշնանը քաղաքական լուրջ փոփոխություններ՝ իշխանափոխություն կլինի»:
Նրա խոսքով՝ Ամանորի սեղանը պիտի հնարավորինս համեստ լինի, քանի որ ավելորդ ցուցամոլությունը պատժվելու է սնանկությամբ:
Լ. Հակոբյանը հավելեց, որ եկող տարին գիտության, կրթության ու արհեստի տարի է լինելու:
«Որոշակիություն կմտնի բոլոր տեսակի հարաբերություններում: Այն զույգերը, որոնք երկար տարիներ է՝ չեն կարողանում հասկանալ՝ ամուսնանա՞լ, թե՞ ոչ, կամ՝ կամուսնանա՞ն, կբաժանվե՞ն, այն մարդիկ, որ չգիտեն՝ ամուսնալուծվե՞լ, թե՞ ոչ՝ կամուսնալուծվեն: Եվ որքան զազրախոսեն, հայհոյախառն ու ատելությամբ խոսեն, այնքան վատ իրենց համար: Ցանկացած վատ արարքից հետո նախազգուշացվում ենք, իսկ հետո պատժվում՝ ընդհուպ մինչև մեր ընտանիքի անդամների հետ որևէ անհաջողության պատահելը»,- զգուշացրեց աստղագուշակը:
Եկող տարին գործազրկության տարի կլինի այն մարդկանց համար, ովքեր պարզապես ունեն աշխատանք, ոչինչ չեն անում, բայց վարձատրվում են, այնպես որ՝ հիմնարկների կամ կազմակերպությունների օպտիմալացումը չպետք է զարմանք հարուցի:
Աստղագետ Լուսյա Հակոբյանը հաջող տարի կանխագուշակեց գովազդային շուկայի համար: Նրանք հանդես կգան նորարարական ու տարբերվող լուծումներով:
Նյութի աղբյուրը՝ 168.am