Մարզական աշխարհում հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է իտալական «Միլանի» նորեկ, լեգենդար շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
Ծաղրանկարով Մոմանին հասկացրել է, որ Իբրահիմովիչն Իտալիայի առաջնությունում գլխացավանք կդառնա մրցաշարի առաջատար հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուի և Ռոմելու Լուկակուի համար:
Հիշեցնենք, որ «Միլանը» Իբրահիմովիչի ձեռքբերման մասին հայտարարել էր դեկտեմբերի 27-ին:
Իբրահիմովիչը, որը դեկտեմբերի 31-ին կստանա ազատ գործակալի կարգավիճակ, «Միլանի» հետ կկնքի կես տարվա պայմանագիր՝ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:
«Միլանում» կես տարվա մրցելույթների համար Իբրահիմովիչը կստանա 3 միլիոն եվրո աշխատավարձ: Եթե իտալական ակումբը երկարաձգի շվեդ հարձակվողի պայմանագրի ժամկետը, Իբրահիմովիչը կստանա ևս 6 միլիոն եվրո:
Զլատան Իբրահիմովիչը «Միլանում» հանդես է եկել նաև 2010-2012 թվականներին՝ 85 խաղում խփելով 56 գոլ եւ դառնալով Իտալիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր։