ասնամյակներ շարունակ սեքսի և սեքսուալ հարաբերությունների մասին խոսելն ամոթալի և անպարկեշտ էր համարվում: Այդ մասին լռում էին դպրոցում, ընտանիքում աշխատում էին այն շրջանցել` հուսալով, որ այս հարցի պատասխանը կտա հետագա անձնական կյանքը: Իսկ դա բազմաթիվ անցանկալի անակնկալներ է մատուցում խնդրո առարկայից անտեղյակ կամ պատշաճ գիտելիքներ, փորձ ու ուղղվածություն չունեցող պատանիներին, երիտասարդներին, ինչու` ոչ, ամուսնական զույգերին:
Սեռական դաստիարակությունը (սեռակրթություն) բժշկական ու հոգեբանական միջոցառումների մի ամբողջ համակարգ է, որը նպատակաուղղված է երեխաների, դեռահասների ու երիտասարդների շրջանում սեռական կյանքի նկատմամբ խելամիտ վերաբերմունքի դաստիարակմանը, ամուսնության և ընտանիքի ֆիզիոլոգիական և բարոյական հիմքերի ստեղծմանը:
Երեխաների սեռական լիարժեք դաստիարակությունը ներառում է մինչև սեռական հասունացումն ընկած շրջանը: Այս փուլում կարևոր են ընտանիքը, նախադպրոցական հիմնարկը:
Նախադպրոցական տարիքի երեխաներին անհրաժեշտ է ծանոթացնել հիգիենայի տարրական կանոններին: Կարևոր է օրգանիզմի կոփումը: Երեխաներին խնամելիս պետք է խուսափել էրոգեն (տարփածին) գոտիները շփելուց, անհարմար, նեղ հագուստ հագցնելուց: Պետք է կանխել և ժամանակին բուժել ճիճվային հիվանդությունները: Անչափ կարևոր է ընտանիքում ջերմ մթնոլորտի ստեղծումը: Երեխաների շրջանում աստիճանաբար ձևավորվում է տվյալ սեռին պատկանելու գիտակցությունը, որն արտահայտվում է այն բազմաթիվ հարցերում, որոնք նրանք տալիս են ծնողներին` երբեմն շփոթեցնելով նրանց: Իրենց լույս աշխարհ գալու «գաղտնիքով» հետաքրքրվող երեխաների հարցերին պետք է պատասխանել պարզ և մատչելի, հակառակ դեպքում` միայն մեծանում է երեխայի հետաքրքրությունը թեմայի նկատմամբ, ստիպում նրան պատասխանն իմանալ ավելի «իրազեկ» ավագ ընկերներից: Ինչ վերաբերում է հնարքներին ու հեքիաթներին, ապա վաղ, թե ուշ դրանք մերկացվում են, և հետևանքը լինում է այն, որ երեխաները սկսում են անվստահությամբ վերաբերվել ծնողներին:
Կրտսեր դպրոցական տարիքի երեխաների սեռական դաստիարակության գործընթացում պետք է հաշվի առնվեն ֆիզիոլոգիական ու հոգեբանական առանձնահատկությունները: Այդ շրջանում տղաների և աղջիկների սեռական բնականոն զարգացման և ճիշտ փոխհարաբերությունների հաստատման համար կարևոր են այնպիսի բարոյական հատկանիշները, ինչպիսիք են ամաչկոտությունը, զսպվածությունը, միշտ օգնելու պատրաստակամությունը և այլն:
Սեռական դաստիարակությունն անհամեմատ բարդ և դժվար խնդիր է հատկապես սեռական հասունացման շրջանում: Պետք է խիստ նրբանկատ լինել՝ հաշվի առնելով օրգանիզմում կատարվող փոփոխությունները, ինչպես նաև դեռահասի անձնական հատկանիշները: Եթե աղջիկները դեռահասային շրջան են մտնում հիմնականում 12-14 տարեկան հասակում, ապա տղաները՝ 13-15: Դեռահասների սեռական հասունացման նախակարապետը երկրորդային սեռական նշանների երևան ալն է: Տղաների ձայնը «բեկվու»՚ է, սկսվում են առաջին ինքնաբեր սերմնաժայթքումները, ինչը պատանիներին երբեմն հանկարծակիի է բերում: Ծնողները պետք է գիտենան, որ բնավորության առնական կամ կանացի որոշ գծեր կարող են ուշ արտահայտվել: Հարկ չկա դրան չափից ավելի ուշադրություն դարձնել, հատկապես՝ զարգացման ճգնաժամային շրջաններում: Բնավորության ցանկացած տիպի դեպքում նախ և առաջ պետք է այնպես վարվել, որ երեխայի վարքի առանձնահատկությունները համապատասխանեն բարոյական նորմերին, ըստ որում՝ ոչ թե բռնանալով, պարտադրելով, այլ բնավորության ուժեղ կողմերի վրա հենվելով:
Անկախ երեխայի տարիքից և բնավորության հոգեբանական տիպից՝ ծնողների կարևորագույն խնդիրն է մեղմել նրանց վարքագծի, հատկապես՝ կոնֆլիկտների հանգեցնող կողմերը, զարգացնել հակառակ սեռի հետ բարյացակամորեն շփվելու ունակություն: Սա կարևոր է, որովհետև դեռահասների սեռական հատկանիշների դրսևորման որոշ ձևերի հարցում ծնողները հաճախ լուրջ սխալներ են թույլ տալիս: Դա ամենից առաջ վերաբերում է ձեռնաշարժությանը (օնանիզմ): Հարկ է նշել, որ դեռահասների շրջանում այդ խիստ տարածված երևույթը չպետք է ողբերգականացվի, քանզի անցյալի գրականությունում ձեռնաշարժության հնարավոր խոր հետևանքներն ակնհայտորեն չափազանցված են: Դեռահասի' կատարելությունից դեռևս հեռու սեռական համակարգը անտարբեր չէ այն բեռնվածությունների նկատմամբ, որոնց ստիպված է լինում դիմանալ ձեռնաշարժությունների ժամանակ: Բեռնվածությունը էլ ավելի է մեծանում սեռական հարաբերության պահին: Կարևոր է թույլ չտալ, որ անչափահասները հուզական խանգարումներ, հոգեկան ապրումներ ունենան, որոնք կարող են խոր հետք թողնել ողջ կյանքում:
Անցումային շրջանում դեռահասի հոգեբանության բնորոշ գծերից մեկը հասարակության մեջ ինքնահաստատվելու' չափահաս երևալու ձգտումն է: Ակներև է, որ պատանեկան տարիքի հոգեֆիզիոլոգիայի առանձնահատկություններին ծանոթ լինելը ծնողներին օգնում է դաստիարակչական համարժեք ներգործության ճիշտ ձևեր ու եղանակներ գտնել: Այդ փուլում սեփական դաստիարակության գլխավոր նպատակը պետք է դառնա որդու կամ դստեր մտածողության «իսկական տղամարդ» և «իսկական կին» հասկացությունների հետագա բյուրեղացումը:
Տղաների սեռական դաստիարակության գործընթացում չի կարելի մոռանալ նաև տղամարդու հեղինակությունը պաշտպանելու անհրաժեշտությունը: Ընտանիքում հոր օրինակը միշտ ազդում է երեխաների մտապատկերում տղամարդու' ամուսնու և հոր կերպարի ձևավորմանը: Որդին յուրացնում է հոր վարքագիծը: Դուստրը, ի դեմս հոր, տեսնում է ապագա ամուսնու հնարավոր իդեալին կամ երդվում է առհասարակ չամուսնանալ: Այսպիսով՝ երեխաների ընտանեկան ապագայի պատասխանատուն առաջին հերթին ծնողներն են, ովքեր կոչված են ճիշտ և գրագետ սեռական դաստիարակություն տալուն: Ավագները պետք է օգնեն իրենց երեխաներին' գիտակցելու ապագա երջանիկ և ներդաշնակ ընտանիքի անհրաժեշտությունը:
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ,
սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս,բժշկական գիտությունների թեկնածու
Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ