Թուրքիայի ԱԳ նախարարությունը պատասխանել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությանը,որի համաձայն «Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին պետք է նյութական փոխհատուցում տրամադրվի, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները»:Այս մասին հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը:
Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշված է «Գլխավոր դատախազի այսպիսի կարևոր պաշտոն զբաղեցնող անձի հայտարարությունը ներկայացնում է Հայաստանի իշխող շրջանների դիրքորոշումը կապված Թուրքիայի տարածքային ամբողջականության և Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների հետ: Այս դիրքորոշումը հակասում է միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են ԵԱՀԿ և ՄԱԿ-ը, առջև ստանձնած պարտավորություններին: Յուրաքանչյուրը պետք է քաջ գիտակցի, որ իրավունք չունի Թուրքիայից հողեր պահանջել»:
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը հուլիսի 5-ին Երևանում տեղի ունեցած հայերի ցեղասպանությանը նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պետք է վերադարձնի կորցրած հողերը: «Պահպանված եկեղեցիները և նրանց հատող տարածքները պետք է փոխանցվեն հայկական եկեղեցուն, Հայաստանի Հանրապետությունը պետք է վերադարձնի կորցրած հողերը: Հայերի ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է ստանան նյութական փոխհատուցում»: Հովսեփյանը նշել է, որ այս հարցը պետք է բարձրացվի իրավաբանական մակարդակի: «Հայաստանը տարածքային խնդիրներ ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Այս խնդիրների իրավաբանական լուծման համար պետք է պատրաստել և ՄԱԿ-ի միջազգային դատարանին ներկայացնել իրավաբանորեն հիմնված հայց»: