Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև հիմա ես միայն գրել եմ Փաշինյանի իշխանության դրական կողմերի և ձեռքբերումների մասին։ Հիմա ուզում եմ շատ համառոտ նշել մեր իշխանության բացթողումները։ Բայց ոչ թե մանր սխալները, այլ միայն այն ռազմավարական բացթողումները, որոնք, ըստ իս, ամենակարևորն են։ Իմ կարծիքով, Հայաստանի ներկա իշխանությունը ունի 4 կարևոր ռազմավարական բացթողում։
1. Ես համոզված եմ, որ քանի դեռ Հայաստանը ապրում է ներկա սահմանադրությամբ, նոր բռնապետության ռիսկը կախված է լինելու մեր երկրի գլխին։ 1995-ի սահմանադրությունն անձի իշխանությունը սահմանափակում էր առավելագույնը 10 տարով։ Մեծ հաշվով դա երկու բռնապետերի՝ Քոչարյանի և Սարգսյանի գլխավոր պրոբլեմն էր։ Այդ սահմանադրությունը Քոչարյանի նման աթոռապաշտին ստիպեց հեռանալ, իսկ Սարգսյանը նաև դա փոխելու արդյունքում լուրջ հակազդեցություն ստացավ։ Հիմա այդ սահմանադրական արգելքը չկա։ Վաղ թե ուշ ինչ-որ մեկի մտքով անցնելու է հավերժ իշխել։ Հայաստանը 29 տարեկան երկիր է, որից 27 տարին ապրել է կիսանախագահական համակարգում։ Ոչինչ չի խանգարում շատ արագ վերադառնալ1995–ի սահմանադրությանը՝ շտկելով այն ամենը, ինչը պետք է շտկել՝ հաշվի առնելով 29 տարվա փորձը։ Փաշինյանը կարող է քաղաքական հանձնառություն ստանձնել, որ 2024 թվականին եթե առաջադրվի, որպես նախագահի թեկնածու և հաղթի ընտրություններում, ապա կհեռանա 2029-ին՝ այդպիսով պահելով ղեկավարի 10-ամյա ցիկլը։ Ապագա նախագահները արդեն սահմանադրական արգելքով կնախագահեն ամենաշատը 10 տարի։ Հայաստանը կունենա երկու համապետական ընտրություն՝ ԱԺ, նախագահական։ Ցավոք սրտի, Փաշինյանի թիմը այդպիսի մտադրություն չունի և հաշտ է ներկա սահմանադրության կառուցվածքի հետ։ Սա Փաշինյանի կառավարության ռազմավարական սխալներից առաջինն է։
2. Հայաստանի շրջափակման հարցում Փաշինյանի դիրքորոշումը մինչև հիմա ես չեմ հասկացել։ Ես՝ Հայաստանի քաղաքացիս, ի գիտություն կընդունեի վարչապետի ցանկացած դիրքորոշում, եթե լիներ։ Եթե Վարչապետը կարծում է, որ Հայաստանի սահմանների 80 տոկոս շրջափակումը մեծ պրոբլեմ չէ, ապա թող ասի՝ իմանանք իր կարծիքը։ Իսկ եթե գտնում է, որ մեծ պրոբլեմ է, թող միջազգային հանրության մոտ Հայաստանի ձայնը բարձրացնի և ասի՝ «Միջազգային հանրություն, սենց չի կարա շարունակվի, ես ուզում եմ, որ իմ երկիրը ապաշրջափակվի»։ Դա բոլորը կհասկանան, քանի որ բոլորը գիտեն, որ շրջափակված լինելը աննորմալ վիճակ է։ Ապաշրջափակման բանալին Ղարաբաղի հարցի լուծումն է։ Հայաստանի վարչապետը պիտի գնա, միջնորդներին ասի՝ «Մենք ուզում ենք լուծում և ապաշրջափակում։ Մենք դա պատկերացնում ենք ահա այսպես»։ Եթե կարա, թող ոչ մի թիզ չզիջի։ Եթե չի կարա, թող որոշ բաներ փոխզիջի։ Եթե ուզում ա, թող փոխզիջման տեքստն էլ հանրային քննարկման դնի, թող թեկուզ հանրաքվեի դնի և որոշում կայացվի՝ փոխզիջե՞լ, թե՞ շարունակել ապրել շրջափակման մեջ։ Բոլոր տարբերակները նորմալ են, բացի մեկից՝ ո՛չ մի բան չանելուց։ Իսկ Հայաստանի կառավարությունը ոչ մի բան չի անում, կարծես էդ հարցը գոյություն չունի։ Սա մեծ բացթողում է։
3. Հայաստանի կառավարությունը մինչև հիմա չի օգնել, որ Ղարաբաղը Քարվաճառի շրջանում վերաբնակեցման ծրագիր անի։ Ու կարծես թե չի էլ պատրաստվում դա անել։ Համենայն դեպս չի խոսվում էդ մասին։ Երբ միջազգային հանրությունը մի օր որոշի Ղարաբաղի հարցում լուծում պարտադրել և սանկցիաներով ստիպի Հայաստանին զորքերը հետ քաշել Ղարաբաղի հարակից 6 շրջաններից, էդ ժամանակ ո՛չ Հայաստանի իշխանության բոցաշունչ ելույթն ա դրա դեմը առնելու, ո՛չ ՍՈՒ 30 –ը, ո՛չ էլ որևէ այլ բան։ Բայց եթե էդ ժամանակ Քարվաճառում ապրի 50.000 մարդ (ոչ թե էսօրվա պես 700), ապա էդ 50.000 մարդը դրա դեմը առնելու են ու Քարվաճառի շրջանը ո՛չ մեկին չի հաջողվի պոկել Ղարաբաղից, որովհետև ես չեմ պատկերացնում որևէ երկրի կառավարություն, որը կարող է 50.000 մարդու տեղահանման պատասխանատվության տակ մտնել։ «Արցախը Հայաստան է և վերջ»-ը Քարվաճառի բնակեցումն է։ Առանց դրա, մնացածը դատարկ խոսքեր են։ Իսկ որ սանկցիաներով Հայաստանին որևէ բան ստիպելը հեշտ է, դրանում թող ոչ ոք չկասկածի։ Եթե Իրանը 40 տարի դիմանում ա միջազգային սանկցիաներին, Հայաստանը 40 օր չի դիմանա։
4. Հայաստանի բնակչության կեսն ապրում է այնպիսի շենքերում, որոնք ուժեղ երկրաշարժի ժամանակ փլվելու են։ Թե երբ կլինի ուժեղ երկրաշարժ՝ պարզ չէ։ Բայց որ կլինի՝ պարզ է։ 1679 թվի Երևանի երկրաշարժի կրկնության դեպքում կունենանք շուրջ 300.000 զոհ, միլիոնից ավելի անտուն։ Մեծ իմաստով՝ Հայաստանից բան չի մնա։ Կառավարությունը պիտի առնվազն կազմակերպեր հնարավոր երկրաշարժի ժամանակ խոցելի շենքերի ուսումնասիրություն՝ ողջ հանրապետությունով, հատկապես Երևանում և կազմեր 10-20-30 տարվա ռազմավարական ծրագիր, նպատակ դնելով ասենք օրինակ 30 տարի հետո Հայաստանի տարածքում ունենալ բացառապես երկրաշարժադիմացկուն շենքեր և բնակելի ֆոնդ։ Նախկինում էդպիսի ծրագրերի մասին խոսակցություն ես հիշում եմ։ Ծրագիրը շատ թանկ ա, տասնյակ միլիարդների։ Բայց սա էն թեման ա, որի համար միջազգային դոնորներին էլ կարելի է դիմել, հատկապես եթե դիմողը լեգիտիմ իշխանությունն է։ Պլյուս զարգացող տնտեսությամբ ամեն տարի շենքեր ամրացնելով և փոխարինելով մի 30 տարի հետո խնդիրը լուծված կլիներ։ Բայց էս թեման իշխանության համար կարծես թե գոյություն չունի, ինչը իմ կարծքով նույնպես ռազմավարական բացթողում է»։