«ՀԾԿՀ նախագահը, որը կոչված է զսպելու հանրության համար գազի հնարավոր բարձրացումները, օրերս հայտարարեց, որ «Գազպրոմ»-ը պատրաստվում է հայտ ներկայացնել գնի թանկացման մասին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ բանակցությունները դեռևս շարունակվում են, ու չի բացառվում, որ հայտը լինի ապրիլին: Ի՞նչ է տեղի ունենում»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը: Հարցին պատասխանեց Մհեր Գրիգորյանը:
«Կան պայմանավորվածություններ ու 2020-ի համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու, ինչ վերաբերում է սակագնին, այո, բազմաթիվ քննարկումներ եղել են ու կլինեն, կա պնդում «Գազպրոմ» խմբի կողմից, որ ներդրումային ծրագիր է իրականացնելու, որի նպատակն է գազն անխափան, արդյունավետ մատակարարելու համար պետք են ներդրումներ... Մենք չենք ասել, որ համաձայն ենք, ասել են՝ չենք բացառում, որ ապրիլի 1-ից հետո հայտ ներկայացվի: Երբ ներկայացվի, այդ ժամանակ մեր առարկությունները, մտահոգությունները, հավելյալ հիմնավորումները կբերենք»,- ասաց փոխվարչապետը: