Էլեկտրոնային ծխախոտը, ինչպես սովորականները, վտանագավոր է թե՛ դրանք օգտագործողների, թե՛ շրջապատողների համար: Այս մասին նշված է էլեկտրոնային համակարգերով նիկոտին հասցնելու (ԷՀՆՀ)՝ էլեկտրոնային ծխախոտի հետ կապված ռիսկերի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած նախազգուշացման մեջ:
Այս ծխախոտն արտադրողներն այն ներկայացնում են որպես սովորական ծխախոտին անվտանգ այլընտրանք կամ որպես գաջեթներ, որոնք կարող են օգնել ծխելուց հրաժարվելուն: Բայց ԱՀԿ մասնագետների հայտարարությամբ բավարար ապացույցներ չկան, որ դրանք կարող են օգնել ծխելը թողնելուն: Միաժամանակ էլեկտրոնային ծխախոտի վնասի մասին տվյալները զգալիորեն շատ են:
Մասնագետների խոսքով՝ էլեկտրոնային ծխախոտը երիտասարդների, մասնավորաբար դեռահասների շրջանում առաջացնում է կախվածություն: Ընդ որում՝ սակավաթիվ են այն բանի օգտին տվյալները, որ դրանց օգտագործումը կանխում է դեռահասների կողմից սովորական ծխախոտ ծխելը:
Ինչ վերաբերում է ԷՀՆՀ վնասին, ապա դրանց գործածումը կապված է սիրտ-անոթային համակարգի եւ թոքերի հիվանդությունների զարգացման մեծ հավանականության հետ: ԱՄՆ-ում վեյփի հետ կապված սուր հիվանդության հետեւանքով արդեն ավելի քան 50 մարդ է մահացել, իսկ հիվանդացածների թիվն անցել է 2500-ից: ԱՀԿ-ն նաեւ ընդգծում է գաջեթների վնասը հղի կանանց համար:
Իսկ քանի որ վեյփինգի ժամանակ առաջացող աերոզոլը պարունակում է թունավոր նյութեր, այն վտանգավոր է նաեւ ծխողի կողքին եղողների համար: Ուստի ԱՀԿ-ն հանդես է գալիս դեռահասների համար ԷՀՆՀ մարքեթինգի դեմ եւ հաստատություններում ու աշխատավայրերում դրանց սահմանափակման օգտին: