Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ֆինանսների նախարարությանն առընթեր եկամուտների ծառայության պետ Վլադիմիր Խունդաձեին:
Նախագահը ողջունել է հյուրին, կարևորել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մաքսային, հայ-վրացական համագործակցությունը, նշելով, որ այն համահունչ է դինամիկ զարգացող երկկողմ հարաբերություններին:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ մեկնարկած աշխատանքներին: Կարևորվել է մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության օպերատիվ փոխանակման ուղղությամբ սերտ համագործակցությունը:
Վլադիմիր Խունդաձեն Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է ՀՀ ՊԵԿ նախագահի հետ ունեցած քննարկումների արդյունքները, որոնք, նրա գնահատմամբ, արդյունավետ են և ներառում են երկու երկրների մաքսային ծառայություններին հետաքրքրող արդիական բոլոր հարցերը: