ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հայկ Տիգրանի Սուքիասյանին, ով սովորում է Մադրիդի Escuela Superior de Musica Reina Sofia երաժշտանոցում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայկ Սուքիասյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել Տիգրան Մանսուրյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Էդուարդ Թոփչյանը, Ստեփան Ռոստոմյանը, Մեդեա Աբրահամյանը, Ալեքսանդր Չաուշյանը, Լևոն Չիլինկիրյան, Լևոն Չաուշյանը, Մարիաննա Շիրինյանը:


Հայկ Սուքիասյանի նվաճումներն են`

2013թվականի հոկտեմբեր ամսին մասնակցել է Գերմանիայում կայանալիք “DR. RICHARD BELLON” պատանի մենակատարների միջազգային մրցույթին գրավելով 3-րդ պատվավոր տեղը: 2017 թվականի հուլիսին Իտալիայում կայացած “Semper Music International Competition 2017” մրցույթ-փառատոնի առային մրցանակակիրն է։

2018 թվականի ապրիլին Իսպանիայում կայացած “XVI CMCET Concurso Música de Cámara Ecoparque Trasmiera” մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և միաժամանակ ճանաչվել որպես «Լավագույն ինստրումենտալիստ»,

2019 թվականի հունիս ամսին Իսպանիայում արժանացել է տարվա լավագույն թավջութակահարի կոչմանը և երկու անգամ պարգևատրվել անձամբ Իսպանիայի թագուհի Սոֆիայի կողմից:

2017թվականից առ այսօր Հայկ Սուքիասյանն ունի 2 կազմավորված կամերային երաժշտության խմբեր` Trío fundación Mahou San Miguel և Cuarteto Mendelssohn BP, որոնց հետ ակտիվ համերգային գործունեություն է ծավալում:

«Հայկ Տիգրանի Սուքիասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայկ Սուքիասյանը հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում հանրահռչակելու հնարավորություն կստանա: