Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 15-ին Երեւանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հետ եւ քննարկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու տարածաշրջանային գործընթացներին առնչվող խնդիրներ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Երկրի ղեկավարն ընդգծել է ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում հաստատված բանակցային ձեւաչափի վերականգնման անհրաժեշտությունը` հավելելով, որ առանց ԼՂՀ անմիջական մասնակցության անհնար է հասնել հակամարտության համապարփակ կարգավորման:
Նախագահ Սահակյանն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը համարել է պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը, որը հետզհետե դառնում է ավելի վտանգավոր եւ պետք է արժանանա միջազգային հանրության համապատասխան գնահատականին:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք: