Փետրվարի 17-ն Ապրիլյան պատերազմի հերոս Վլադիմիր Նարինյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 23 տարեկան։ Վլադիմիրը ծնունդով Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից էր: Հետագայում ընտանիքը մշտական բնակության էր տեղափոխվել Արցախ՝ Մարտունի քաղաք:
Վ. Նարինյանը 2003-2013թթ. սովորել և ավարտել է տեղի դպրոցներից մեկը, ընդունվել Արցախի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։
2014թ. ուսումը կիսատ է թողել և անցել պարտադիր զինվորական ծառայության Մատաղիսի զորամասերից մեկում՝ որպես կրտսեր սերժանտ։ Ծառայության ընթացքում նա մշտապես աչքի է ընկել իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, նվիրվածությամբ ու զգոնությամբ։
2016թ. ապրիլի 4-ին հակառակորդը արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ձեռնարկել էր ռազմական լայնամասշտաբ գործողություններ: Վլադիմիրը մարտական դիրքի մատույցներում ծավալվող գործողությունների ժամանակ ոչնչացրել է թշնամու մեծաթիվ զինծառայողների, կասեցրել հակառակորդի առաջխաղացումը դեպի պաշտպանության խորքը: Զոհվել է թշնամու արկակոծումից: