«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Դվին» ռեստորանում «Այո»-ի շտաբը կազմակերպել էր դրամահավաք-երեկո՝ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ծախսերը հոգալու նպատակով: Եվ, ահա, արդյունքում հավաքվեց 205 մլն դրամից ավելի գումար՝ առանց բանկային փոխանցումները հաշվարկելու:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դրամահավաքին հիմնականում ներկա են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, այլ կուսակցություններից գործընկերներ, աջակիցներ։ Մենք տեղեկացանք, որ նախապես կուսակցության անդամներին, պատգամավորներին ասված է եղել այդ օրվա համար հյուրեր հրավիրել, որոնք ևս կկարողանան գումար հանգանակել: Ընդ որում, ներքին որոշում է եղել այնպես անել, որ գործարարներ գրեթե չլինեն դրամահավաք-երեկոյի ժամանակ, իսկ յուրաքանչյուր քարոզի, մասնակցի հրավերով, պետք է գոնե 3-4 հոգի ներկայանար: ՔՊ-ականներն այդպես էլ վարվել են և փորձել հրավիրել այնպիսի մարդկանց, որոնց ներկայությունը շահարկման առիթ չի հանդիսանա:

Բացի գումարներ հանգանակելուց երեկ ներկաները հնարավորություն են ունեցել նաև դեմ դիմաց զրուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փորձել անձամբ նրանից ճշտել հետագա անելիքները: Ինչպես հայտնի է, այսօր տեղի կունենա շտաբի պետ Սուրեն Պապիկյանի ասուլիսը, որի ժամանակ մանրամասներ կներկայացվեն քարոզարշավի ընթացքից: Հստակ որոշում է առկա, որ արձակուրդում կլինեն Սուրեն Պապիկյանն ու Տիգրան Ավինյանը, իսկ, ահա, մյուս ՔՊ-ական նախարարներն ու մարզպետները կփորձեն քարոզարշավը կազմակերպել աշխատանքային ժամի ավարտից հետո»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: