Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր անդրադարձել է նոր տեսակի կորոնավիրուսին ու կարծիք հայտնել, որ ինչքան ժամանակն անցնում է, այնքան դա պակաս վտանգավոր է դառնում:
Նա բացատրել է, որ ցանկացած պարազիտ, որը սպանում է իր տիրոջը, այսինքն այն մարդու օրգանիզմը, որի մեջ ապրում է, ինքը եւս դատապարտված է ոչնչացման։ Կենդանի են մնում այն վիրուսները, որոնք հիմնականում մահացու չեն։ Այսինքն՝ տեղի է ունենում բնական էվոլյուցիա: Դրա համար, ըստ նրա, աշխարհում հին վիրուսներին բժիշկները վերաբերվում են ավելի տոլերանտ, քան այն վիրուսներին, որոնք նոր են հայտնվում գիտությանը։
Մանասյանի խոսքով հայտնաբերման առաջին օրվանից կորոնավիրուսը վտանգավոր է, բայց ամեն հաջորդ օր այն դառնում է ավելի պակաս վտանգավոր։ «Վիրուսին ձեռ չի տալիս, որպեսզի ինքը սպանի իր տիրոջը, իրեն ձեռք է տալիս, որ ապրի այդ օրգանիզմում եւ տարածվի մյուս օրգանիզմների մեջ»,- պատկերավոր ներկայացրել է Մանասյանը։
Նշել է, որ այս նոր կորոնավիրուսը դեռեւս էվոլյուցիա չի անցել, որպեսզի ոչնչանան բոլոր մահացու տարատեսակները եւ մնան պակաս վտանգավոր տարատեսակները։ «Մարդկության խնդիրը այս վիրուսի հնեցումն է»,- արձանագրել է նա։
Նկատել է, որ մեր երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքեր դեռ չկան ու որքան դա ուշանա, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ հայաստանցիներին հիվանդության թեթեւ տեսակը բաժին հասնի: Ամեն դեպքում նա համոզմունք է հայտնել, որ վիրուսից սարսափելը լուրջ չէ, թեպետ, իհարկե, պետք է պաշտպանվել: Մանասյանը համեմատական է անցկացրել, որ օրինակ այս տարվա հունվարից սկսած, այսինքն՝ այն ժամանակ, երբ կորոնավիրուսը սկսել է տարածվել աշխարհում, նույն աշխարհում գրանցվել է գրիպից մահացության 100 հազար դեպք, այն պարագայում, երբ կորոնավիրուսից մահվան դեպքերը 3 հազարից պակաս են:
Բժիշկը նաեւ այսպիսի վիճակագրություն է բերել, որ Հայաստանում ամեն ամիս մահանում է 2 հազար մարդ, տարբեր պատճառներով, այդ թվում՝ ավտովթարներից ու հարց է հնչեցրել, թե արդյոք դա նշանակում է, որ մենք հրաժարվում ենք մեքենա վարելուց: