Աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի կինը՝ երգչուհի Ալիս Դուրյանը, դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով իրեն շնորհել ՀՀ անձնագիր, որպեսզի մասնակցի հանրաքվեին:

«1991 թ.-ից՝ անկախության առաջին իսկ օրերից, ամուսնուս՝ Օհան Դուրյանի հետ, մշտապես հաստատվեցինք հայրենիքում: Ապրեցինք ու ծառայեցինք մեր ժողովրդին, օգնեցինք մեր հայրենակիցներին ու պայքարեցինք միասնաբար, երբեք ու երբեք չհուսահատվեցինք ու մշտապես եղանք պայքարի առաջին շարքերում:
Ավա՜ղ, մաեստրոյին չվիճակվեց տապալված տեսնել ավազակների ռեժիմը և ցնծալ հաղթանակի համար: Այսօր ժողովուրդն է իշխանության տերը Հայաստանում: Ամեն անգամ պանթեոնում՝ մաեստրոյի շիրիմի առջև, ես և Վահանը մաեստրոյին խոստանում էինք հաղթանակ:
Կեցցե՛ք, Նիկո՛լ ու մեր սիրելի՛ ժողովուրդ: Այս գրությամբ խնդրում եմ պարոն վարչապետին 30 տարվա իմ արժանապատիվ քաղաքացիության համար ինձ շնորհել ՀՀ անձնագիր, որպեսզի մասնակցեմ հանրաքվեին և «այո՛» ասեմ ժողովրդի իշխանությանը, հեղափոխության լիակատար հաղթանակին՝ ընդմիշտ փակելով արյան, թալանի, կեղծիքի ու անարդարությունների մղձավանջային էջը»,- գրել է Ալիս Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում: