Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, որտեղի բնակիչներից մեկի մոտ նախօրեին կորոնավիրուս է հայտնաբերվել, դպրոցներում մեծ թվով բացակա աշակերտներ կան։ Մի քանի դպրոցների տնօրեններ NEWS.am-ին հայտնեցին, որ բացակաների թիվը գնալով աճում է, քանի որ ծնողները գալիս, երեխաներին տուն են տանում։
«555 աշակերտից 300 բացակա ունեինք առավոտյան, բայց խուճապային դրությունը մարդկանց մոտ շարունակվում է, ծնողները եկան տարան, 50 աշակերտ ունենք այս պահին»,– ասաց թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Աստղիկ Հարությունը։
Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենը հայտնեց, որ առավոտյան 478 աշակերտից 214–ը ներկա չեն եղել, բայց իրենց մոտ նույնպես բացակաների թիվը հետզհետե ավելանում է։
«Ծնողները գալիս, տանում են երեխաներին։ Խուճապի են մատնվել, ասում են՝ էջմիածնում կորոնավիրուս է, ինչու եք դասեր անցկացնում, այնինչ մենք առանց պաշտոնական գրության իրավունք չունենք դասերը դադարեցնելու»,– ասաց Գրետա Ներսիսյանը՝ նշելով, որ իրենց դպրոցում արդեն մի ամիս է՝ ախտահանում են դասարանները, սանհանգույցները, միջանցքները։
Ռ. Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցում էլ առավոտյան 780 աշակերտից 300–ը բացակայել է, սակայն թիվը հետզհետե ավելանում է։
Նշենք, որ նախօրեին Հայաստանում կորոնավիրուսի եւս 3 նոր դեպք է հաստատվել, վարակվածների թիվն ընդհանուր առմամբ 4-ն է։ Այժմ դեռ պարզվում է նրանց շփումների շրջանակը։