ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար «Հեղափոխության պահապաններ» խմբի մասնակցի կողմից ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա Ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին Ոստիկանության լրատվական բաժնից:

ՀԺ-ի տեղեկություններով՝ նյութերի նախապատրաստումը Ոստիկանության Նաիրի բաժնում է, քանի որ խմբի անդամներից մեկը հաշվառված է այնտեղ:

Հիշեցնենք՝ օրերս, երբ վարչապետը նախընտրական քարոզարշավի ժամանակ «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր» անունով բուկլետ էր տվել մի երիտասարդ աղջկա, վերջինս այն պատռել էր և նետել վարչապետի ուղղությամբ։ Դրանից հետո համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որում աղջիկը ոմն «գյուղապետի» հետ զրույցում պատմում էր դեպքի մանրամասները, գյուղապետն էլ ընթացքում հայհոյանքներ էր հնչեցնում վարչապետի հասցեին: Դրանից հետո «Հեղափոխության պահապաններ» ներկայացած մի խումբ երիտասարդներ հանդիպել են «գյուղապետի» հետ եւ ասել, որ նա ներողություն խնդրի, ինչն էլ արվել է: Միաժամանակ «գյուղապետը» նշել է, որ տեսանյութը սարքած է եւ տեսանյութում ինքն ամենեւին էլ չի զրուցել այդ աղջկա հետ:

Դրա վերաբերյալ տեսանյութին այսօրվա հանրահավաքի ժամանակ անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Երեկ մի խումբ մարդիկ, որ հանդես են գալիս՝ որպես «Թավշյա հեղափոխության պահապաններ», գնացել են մի մարդու մոտ, ով իմ հասցեին ինչ-որ վատ բան է ասել կամ հայհոյանք է ասել, պահանջել են ներողություն խնդրել, կամ ինչ-որ նման բան: Դա անընդունելի է ինձ համար: Երկու օր է՝ խոսում ենք, որ հայհոյանքին հայհոյանքով չպիտի պատասխանենք, վիրավորանքին վիրավորանքով չպիտի պատասխանենք, մարդիկ մեր անունից կամ իրենց անունից գնում են, նման գործողություններ են անում»,- նշեց նա՝ ընդգծելով, որ դատապարտում է նման գործողությունները: